Բելառուսի և Լեհաստանի միջև դիվանագիտական սկանդալը շարունակվում է, պաշտոնական Վարշավան երկրից վտարում է բելառուսցի դիվանագետի։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Մարտին Պշիդաչը։
«Ի պատասխան բելառուսական իշխանությունների թշնամական և չարդարացված գործողությունների Բրեստում Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչության դիվանագետի հանդեպ՝ Լեհաստանն անցանկալի անձ (persona non grata) է հայտարարում Վարշավայում Բելառուսի դեսպանատան դիվանագետին», - գրել է լեհ պաշտոնյան՝ առանց հստակեցնելու բելառուսցի պաշտոնյայի անունը։
Վարշավայի այս քայլին նախորդել է Բրեստում Լեհաստանի հյուպատոսության աշխատակից Եժի Տիմոֆեյուկին արտաքսելու Բելառուսի որոշումը՝ ոչ պաշտոնական մի միջոցառման մասնակցելու համար, որի ընթացքում հնչել են հակակոմունիստական ելույթներ։