2017 թվականին որպես կուրսային աշխատանք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Մանե Բաղդասարյանի նկարահանած «Ադապտացիա» վավերագրական ֆիլմը միանգամից ճանաչում և միջազգային փառատոներից գլխավոր մրցանակներ բերեց հեղինակին: Հետո ոչ պակաս հաջողությամբ հաջորդեցին նրա մյուս՝ «Ճայը» և «Շապիտո» ֆիլմերը, որոնք ևս արժանացան միջազգային փառատոների գլխավոր մրցանակների։ Իսկ Երևանի մասին պատմող նրա առաջին ֆիլմը՝ «Ադապտացիան» Հայաստանում արժանացավ նախագահական մրցանակի։
Հիմա երիտասարդ կինոռեժիսորը պրոդյուսերի՝ Արարատ Գրիգորյանի հետ նկարահանել է «9-րդ հարկ» խորագրով նոր վավերագրական ֆիլմ, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում:
«Ֆիլմը պատմում է մարդկանց մասին, ովքեր հաղթահարում են հիվանդություններ։ Վավերագրական է ժանրով, կարճամետրաժ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց երիտասարդ ռեժիսորը։
Մանե Բաղդասարյանի այս նոր Ֆիլմի նկարահանումները սկսվել են անցյալ տարի, բայց այն կապված չէ համավարակի հետ․ - «Արդեն մեկ տարի է նկարահանումների մեջ ենք։ Գրեթե ամեն օր։ Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել վիրահատարաններում, ճառագայթային կենտրոններում, կլինիկաներում։ Հայաստանի գրեթե բոլոր կենտրոնները, որոնք կապ ունեն բժշկության հետ, մեծ մասը ներգրավված է ֆիլմում։ Այս ֆիլմի մեր միջավայրը բժշկական ոլորտն է»։
Անդրադառնալով թեմայի ընտրությանը՝ Բաղդասարյանն ասաց․ - «Տեսնելով, թե որքան շատ խնդիրները մեր Հայաստանի Հանրապետությունում, նայելով ստատիստիկան, որ կան տարբեր հիվանդություններ, որոնցով Հայաստանը առաջին հորիզոնականում է․․․ Ինչո՞ւ է այդպես։ Մենք ոչ թե բարձրացնում ենք ուղղակիորեն էդպիսի խնդիրներ, այլ պարզապես հետևել ենք պրոցեսին և փորձել ենք դիտարկումների միջոցով, տպավորությունների միջոցով, կադրերի միջոցով, որովհետև ֆիլմը առանց խոսքի է, փոխանցել հանդիսատեսին այն գաղափարը ի վերջո, որ կյանքում ամենաթանկ պահը հենց կյանքն է, և պարզապես պետք է սովորել ապրել»։
Դե իսկ նախորդ՝ դեպի տիեզերք թռիչքի մասին պատմող «Ճայը» ֆիլմի համար Մանե Բաղդասարյանը արժանացել է ևս մի ուշագրավ մրցանակի, այս անգամ գիտնականների կողմից․- «Մենք վերջերս մրցանակի ենք արժանացել «Գագարին.doc» գիտության և արվեստի ամենամյա փառատոնում։ Այդ մրցանակը մեզ շնորհել են անձամբ Յուրի Գագարինի կուրսեցիները, տիեզերակայանների գիտաշխատողներ։ Այսինքն՝ գիտական փառատոն է։ Եվ այս մրցանակը մեզ համար շատ կարևոր է, քանի որ «Ճայը» ֆիլմի համար է շնորհվել, իսկ այդ ֆիլմը հենց բարձրացնում է գլոբալ հայացք աշխարհին։ Այնտեղ սյուժեով մենք խոսում ենք հենց տիեզերագնացների մասին, որոնցից սկսվել է թռիչքը։ Բացի դրանից, Գագարինի թռիչքի 60-րդ տարելիցն է շուտով՝ ապրիլի 12-ին, այդ օրը բացվելու փառատոն Ցիոլկովսկու անվան, և այդ փառատոնի շրջանակում ընդգրկված է նաև մեր ֆիլմը, ինչը նման գիտական ժանրի ֆիլմի համար մեծ հաջողություն կարելի է համարել։ Մեզ համար դա իսկապես մեծ բան է, որովհետև մենք ներդրել ենք այդ ֆիլմի մեջ արվեստը, որը արտահայտում է գիտության նվաճումները»։
Արդեն իսկ մեկնարկած կանանց տոնական միամսյակի առնչությամբ 24-ամյա կինոռեժիսոր Մանե Բաղդասարյան հետևյալ նկատառումն ունի․ - «Ճիշտն ասած, կարծում եմ, որ պարտադիր չի լինի տոն, որպեսզի հիշեն կանանց։ Ամբողջ տարվա ընթացքում կարելի է գնահատել կնոջ ներդրումը ցանկացած ոլորտում։ Տոնը, կարծում եմ, պարզապես սիմվոլիկ մի օր է՝ կանանց իրավունքների հետ կապված»։