Մատչելիության հղումներ

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ


Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։

Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG