Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային սահմանափակումների հնարավոր խստացումը մտահոգում է հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին


Քովիդի թվերի աճին զուգահեռ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները մտահոգված են, որ եթե նոր խստացումներ մտցվեն, ապա մի կերպ գոյատևող բիզնեսները կփակվեն։

Առողջապահության նախարարությունն ամեն օր հայտարարում է, որ քովիդի թվերն աճում են, հիվանդանոցներում ազատ մահճակալներ գրեթե չկան, պետք է առնվազն վերադառնալ դիմակի կրման խիստ պահանջին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ տնտեսվարողներին զգուշացնում է, որ անցնելու են տուգանքների, դրանք 100 -300 հազար դրամի սահմաններում են տատանվում։

Սրճարանների ու ռեստորանների ներկայացուցիչները պնդում են, թե վարակի տարածման օջախներն իրենց մոտ չեն, այլ հանրային տրանսպորտում ու հանրահավաքներում։

Երևանում գործող ֆրանսիական հրուշակարան-սրճարանի չորրորդ մասնաճյուղը բացվել է համավարակի շրջանում։ Համահիմնադիրներից Արտյոմ Չաքմիշյանն ասում է, որ օդանավակայանում գործող իրենց մասնաճյուղն են տեղափոխել մայրաքաղաքի կենտրոն և առայժմ մյուս մասնաճյուղերի հաշվին են պահում։

Հետպատերազմյան ճգաժամին գումարված գնաճն իրենց ավելի խոցելի է դարձնում։ Նորաբաց սրճարանի համահիմնադրի խոսքով՝ ամեն օր տարածքն այնպես են ախտահանում, ասես հիվանդանոց լինի, անվտանգության բոլոր կանոնները պահպանում են, բայց եթե Առողջապահության նախարարության հորդորները նոր սահմանափակումների ակնարկ են, ապա եղածն էլ կկորցնեն։

«Որոշ մարդիկ կարծում են, որ ընդամենը հանրային սնունդ ա, էրկու հատ սրճարան ավել, էրկու հատ սրճարան պակաս․․․ Ներողություն, դա մեծագույն միամտություն է։ Բազմապատկեք ամեն մի սրճարանը ամենաքիչը 15-20 հոգի աշխատատեղով, կտեսնեք, որ բավականին հետաքրքիր թիվ կստացվի։ Բացի այն, որ ամեն մի խփված ՀԴՄ կտրոնից իքս դրամ գնում է հարկ», - ասաց Չաքմիշյանը։

Երևանում տասը մասնաճյուղ ունեցող ցանցային սրճարաններից մեկի տնօրեն Գևորգ Աֆրիկյանը թվերով է ներկայացնում իրենց կորուստները՝ տասը մասնաճյուղից երկուսն անվերադարձ փակվել է, մնացածը վերամիավորվել են, 200-ից ավելի աշխատակիցներից 100-ն են այսօր աշխատանքի գալիս․ - «50 տոկոս, եթե ոչ ավել, կորուստ ենք ունեցել առաջվա շրջանառությունից։ Գարնան հետ մեկտեղ փորձում ենք վերականգնվել, բայց եթե մի հատ էլ արգելափակում լինի․․․ չեմ ուզում պատկերացնել, թե հետագան ոնց կընթանա»։

Անի Հովակիմյանը գործընկերների հետ որոշել են քաղաքի կենտրոնում սրճարան բացել։ Նա ասում է, որ բիզնեսին աջակցող կառավարության հակաճգնաժամային ծրագրերը շատ քիչ են թոթափում իրենց բեռը։ Ավելի լավ է, ասում է, չխանգարեն։ Նա չի բացառում, որ դեռ չբացված՝ կկանգնեն փակման եզրին։

Հակահամաճարակային կանոնները պահպանելու, դրանք խստացնելու մասին խոսելուց առաջ, ըստ Հովակիմյանի, պետք է նախ ստեղծված խնդիրները հաշվի առնի կառավարությունը․ - «Երբ որ դու չես դնում բարձր գին, բայց ստանում ես մթերքը բարձր գնով, արդեն քո եկամտի մասին խոսելն ավելորդ է։ Հարկային տեսանկյունից նվազեցման շեմ կա։ Բայց դու ոչ մի կերպ չես հասնում այդ շեմի նվազեցմանը։ Որովհետև դու բանջարեղենը գնում ես շուկայից, շուկան քեզ չի տրամադրում ոչ մի թուղթ։ Եթե դու գտնում ես ինչ-որ ընկերություն, որը տրամադրում է քեզ հարկային հաշիվ, ապա գինն է բարձրացնում, որովհետև ինքն էլ պիտի հարկ վճարի։ Էդ դեպքում մնում ես երկու քարի արանքում, չգիտես որ կողմը գնաս՝ հա՞րկդ նվազեցնես, թե՞ ավելի բարձր գնով ստանաս։ Դրա համար եմ ասում, որ էս առումով եթե մեզ չխանգարեն, կարող են նաև չօգնել»։

Մի քանի ռեստորանների և նրանց շուրջ 35 հազար աշխատողների շահերը ներկայացնող Ռեստորանների հայկական միության տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով, քովիդի պայմաններում, թեև քիչ, բայց գալիս են զբոսաշրջիկներ։ Ըստ նրա, պետական աջակցություն է հարկավոր, որ նրանց առաջիկա 1-2 տարիների համար ռեստորաններից, հանրային սննդի կետերից օգտվելու զեղչային փաթեթներ առաջարկվեն, Հայաստանի վերաբերյալ ճիշտ ինֆորմացիա տրամադրվի։

Գևորգյանի կարծիքով, այս հարցում պիտի կառավարությունն աջակցի․ - «Մարկետինգային մեծ արշավները որ արվում են թիրախային շուկաներում, տուրիզմի կոմիտեն ունի էդպիսի հնարավորություններ և միջոցներ։ Կան թվային մարկետինգի գործիքներ, որոնցով հնարավոր է պետության վերաբերյալ ինֆորմացիան բարելավել։ Այսինքն՝ ոչ թե կեղծ իմաստով։ Էն, ինչ որ կա իրականում՝ որ Երևանում վիճակը նորմալ է, որ Ծաղկաձոր եթե մարդիկ գնում են, իրենք խնդիրներ չեն ունենա և այլն»։

Մինչ բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված են, որ կշարունակեն վնասներ կրել, մասնագետներն ահազանգում են՝ համավարակը երկրում կրկին մեծ թափ է հավաքում։ Հորդորում են դիմակ դնել, սոցիալական հեռավորություն պահպանել, կուտակումներից խուսափել ու ձեռքերը պարբերաբար ախտահանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG