Մատչելիության հղումներ

Տավուշի ոստիկանությունում լիազորությունների չարաշահման փաստով քրեական գործ է հարուցվել


Տեսարան Դիլիջանից, արխիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն, չարաշահումների մասին տվյալները ձեռք են բերվել ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների և պաշտոնեական հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բազմակողմանի քննությամբ։

«Պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Հաղարծին համայնքի բնակիչն իրեն պատկանող «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի կերպով ձեռք բերած փայտանյութ է տեղափոխել և ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Պարզելով, որ փայտանյութի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր չկան՝ նշված բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, և դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որը ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին:

Քրեական կամ վարչական պատասխանատվությունից խուսափելու և ապօրինի կերպով ձեռք բերված փայտանյութն իբր օրինական ներկայացնելու նպատակով բեռնատարի վարորդը խնդրանքով դիմել է նույն համայնքի մեկ այլ բնակչի, որն էլ հիշյալ անձին օգնելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետին, ով, ընդառաջելով իրեն խնդրած անձին և առերևույթ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր հերթին համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի պետի հետ, որից հետո՝ պայմանավորվածությունների շրջանակում, բեռնատարի վարորդի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կեղծ հաշիվ ապրանքագիր, որի հիման վրա` հետագայում որոշում է կայացվել այդ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին», - մանրամասնում է Քննչական կոմիտեն։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, այն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG