Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը ստացել է նախագահի դիմումը


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

Սահմանադրական դատարանն այսօր ստացել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Թովմասյանը նշեց, որ եռօրյա ժամկետում որոշվելու է՝ արդյոք դիմումը համապատասխանո՞ւմ է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին, թե՞՝ ոչ, հավելելով՝ դիմումի նախնական ուսումնասիրման համար օրենքով 30-օրյա ժամկետ է սահմանված:

Եվա Թովմասյանը տեղեկացրեց, որ նախագահ Սարգսյանը բարձր դատարան է դիմել մասնավորապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 79-րդ հոդվածին և 155-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Սահմանադրության և վիճարկվող օրենքի վերոհիշյալ հոդվածները վերաբերում են Զինված ուժերին և գլխավոր շտաբի պետին, պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելուն, աշխատանքային իրավունքներին և Զինված ուժերի բնագավառում նախագահի լիազորություններին։

Օրենքի 40-րդ հոդվածում, մասնավորապես, թվարկված են պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելու հիմքերը և նշված է, որ պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը): Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Իսկ երկրի Հիմնական օրենքի 155-րդ հոդվածի 3-րդ մասում ասված է․ - «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագահականը հաղորդեց այսօր առավոտյան։

Այսօր առավոտյան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

XS
SM
MD
LG