Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը դիմելու է ՍԴ, վերջնաժամկետ չկա, նշում է նախագահի աշխատակազմը


ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, հայտարարում է նախագահի աշխատակազմը: Նաև հայտնում է, որ ինչպես ավելի վաղ ասվել էր, Արմեն Սարգսյանն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:

Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են», - փոխանցում են նախագահականից:

Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին:

Հիշեցնենք` վարչապետ - Գլխավոր շտաբի պետ առճակատումը արդեն 2-րդ շաբաթն է շարունակվում, ինչ զինվորականները Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ վարչապետի հրաժարականը պահանջեցին։

Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակած Փաշինյանն էլ ի պատասխան Գլխավոր շտաբի պետի պաշտոնակության գործընթաց սկսեց։ Նախագահը առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին պնդեց Գասպարյանի պաշտոնանկության միջնորդությունը։ Դրանից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրում, բայց ՍԴ էլ չդիմեց։ Փոխարենը խոսեց այլ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մտադրության մասին։

Այդ հայտարարությունից 5 օր է անցել, ՍԴ-ից այսօր «Ազատությանը» փոխանցել էին, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախագահից որևէ դիմում չեն ստացել։

XS
SM
MD
LG