Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրություններով նոր էջից պիտի սկսենք. Հասմիկ Պապյան


«Ազատությունը» հյուրընկալել է աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին։

«Ազատություն»․ - Տիկին Պապյան, Դուք տեսնո՞ւմ եք իրավիճակը կայունացնող նախադրյալներ, կամ գուցե քայլեր, օրինակ, արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն կա։

Պապյան․ - Գիտեք, ինձ թվում էր, որ պատերազմի դաժան հարվածները մեզ պիտի սթափեցնեին, հիմնականում կառավարությանը, և պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին այս վիճակից դուրս գալու համար։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում։ Իրական, իրատեսական գրեթե ոչինչ չի արվում, հակառակը՝ կան ինչ-որ ցույցեր, միտինգներ և այլն, և այլն։ Սա հարցի լուծման ձև չէ։ Իհարկե, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և պարտության խորհրդանիշը, պարտության սիմվոլը պիտի հեռանա, որպեսզի մենք սկսենք նոր էջից։

«Ազատություն»․ - Դուք նկատի ունեք, որ նա նույնիսկ չհավակնի՞, չառաջադրվի՞

Պապյան․ - Այո։ Ես պիտի խնդրեմ, աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, երգչուհի, քաղաքացի, որ նա հեռանա։

«Ազատություն»․ - Համաձայն չե՞ք, որ նա այնուամենայնիվ ունի մեծ թվով աջակիցներ, և հիմա նրանք կարող են ասել՝ մի՛ ասեք մեր վարչապետին․․․

Պապյան․ - Թող ասեն։ Ես գիտեմ նաև, թե ինչու համար այդքան շատ համակիրները․ նրանք վախ ունեն, որ նախկինները չվերադառնան։ Ես կիսում եմ այդ մտահոգությունը, բայց չեմ կարող համաձայնել մեր ժողովրդի հետ, որ նրանք մինչև այսօր համաձայն են, որ նա մնա։ Նա պիտի հեռանա․․․ այդ զգացողությամբ ապրելը ես չեմ կարող պատկերացնել, ինչպես պիտի շարունակի ապրել։ Որովհետև նա այսօր մեր պարտության բոլոր տեսակի բացթողումների խորհրդանիշը դարձավ։ Ցավալի է․․․ թերևս իր համար լավ է ինչ-որ մի բանի խորհրդանիշ լինել։

«Ազատություն»․ - Մյուս կողմից, արդյո՞ք ընտրությունները չեն, որ կտան այս բոլոր հարցերի, մեղադրանքների պատասխանները, և ոչ թե հրապարակներում մարդաշատությամբ մրցելը։

Պապյան․ - Այո։ Համաձայն եմ։

«Ազատություն»․ - Այդ դեպքում ինչու չգնալ թեկուզ իր օրոք քվեարկության, և, եթե Դուք ճիշտ եք, չեն ընտրի իրեն մարդիկ։

Պապյան․ - Արդեն չորս ամիս անցել է պատերազմի ավարտից, և պիտի կոնկրետ քայլեր ձեռք առնեն և որքան հնարավոր է արագացնեն այս ընթացքը։

«Ազատություն»․ - Դուք կհամաձայնեի՞ք, որ այս ողբերգության պատճառներից է նաև տասնամյակի, էլ չասած պատերազմի օրերի քարոզչությունը, որ մեր եմ խաղ չկա, խելոք չմնան, Բաքու կմտնենք, ոչ մի խոսք փոխզիջումների մասին։

Պապյան․ - Համաձայն եմ։ Մեր բոլոր սխալների հանրագումարն է։ Պարզապես այդ սխալների տակ փաստագրություն և իր ստորագրությունը թողել է մի մարդ, որը, իմ կարծիքով, կարող էր խուսափել այս չափերի հասնող ողբերգությունից։ Այլապես իհարկե, մենք շատ սխալներ ունենք։ Եվ շարունակում ենք այսօր մեր սխալները։

«Ազատություն»․ - Ասում եք կարող էր, նկատի ունեք՝ ժամանակին կա՞նգ առնել։

Պապյան․ - Այո։ Ժամանակին կանգ առնել, չսկսել, այնպես անել, որ սա տեղի չունենար։ Կամ ուղղակի ժողովրդին բաց տեքստով ասեր։ Այսօր մենք անընդհատ լսում ենք, և դա շատ անհանգստացնող է, որ հիմա մեր թշնամին հավակնություններ ունի արդեն Տավուշի շրջան, Սյունիք, Զանգեզուր․․․ սա հալեցնող, մաշեցնող գործառույթներ են։ Սրանք պետք է բաց տեքստով ասեն մեզ, թե ինչ է մեզ սպասվում, որպեսզի մենք կարողանանք ինքներս էլ հոգեբանորեն պատրաստվել և պատրաստ լինել։ Բայց ամենօրյա այս չափաբաժնին հնարավոր չէ դիմանալ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG