Սերբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գաղտնալսվել է 1572 անգամ։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ նախագահի և նրա ընտանիքի միջև հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսմանը մասնակցել են ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք հարցաքննվել են, գործն ուղարկվել է դատարան, հայտնել է նախարար Ալեքսանդր Վուլինը։
Սերբիայի առաջնորդին գաղտնալսելու մասին հայտնի է դարձել հունվարին, այն ժամանակ ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե գաղտնալսումների ետևում հնարավոր է կազմակերպված հանցավոր խումբ է կանգնած։
Սերբիայի կառավարության ղեկավար Անա Բրնաբիչն այսօր հայտարարել է, որ նախագահի ապօրինի գաղտնալսումը շարունակվել է «ամիսներով, իսկ գուցեև տարիներով»։
«Նրան և նրա ընտանիքին գաղտնալսել են մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նախագահին օտարերկրյա ծառայություններից», - հայտարարել է Բրնաբիչը՝ տեղի ունեցածը անվանելով պետական հեղաշրջման փորձ։