Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները, Վեհափառը շնորհավորական ուղերձներ են հղել Մարտի 8-ի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձներ են հղել Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի և ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաև ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

Արմեն Սարգսյանի ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ասված է․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:

Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:

Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:

Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:

Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում:

Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։

Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահությունն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն։

Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը։ Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի», - իր ուղերձում գրում է Վեհափառը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG