Մատչելիության հղումներ

Ալիևը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, շեշտում է ԱԳՆ խոսնակը


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա, շեշտում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել էր, թե «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», - հավելել է ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության 9-րդ կետում ասված է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ինքը լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը:

«Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը, և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները», - ասել է Նաղդալյանը: Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը «հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում»:

«Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», - շեշտել է արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG