Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քննվող քրեական գործով իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, ըստ Կոմիտեի, քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020-ի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկիզման եղանակով փորձել է ոչնչացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17 միլիոն 375 հազար դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնկված հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի համար․ նա կալանավորվել է
