Մատչելիության հղումներ

Լոռիում ՀԷԿ-երի գործունեությունը իսկական բնապահպանական աղետ է բերել. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար


«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը քայլում է Դեբեդ գետի քարերի վրայով, 4-ը մարտի, 2021թ.

Լոռու մարզի Մարց գետի ու նրա վտակների վրա կառուցված երեք ՀԷԿ-երն անցած 10 տարիներին ոչնչացրին հարակից երեք գյուղերի բնակիչների մանկության երազանքները, մոռացնել տվեցին խաղերն ու մարդկանց հեռացրին բնությունից, ասում է Քարինջի բնակիչ Մխիթար Մխիթարյանը, որ կյանքի 48 տարիներն անցկացրել է քչքչան գետի ափերին, ձուկ բռնել, հանգստացել ու վայելել բնության պարգևը։

«Որ անձրևից հետո գնում էինք, ուզում էինք լողանալ, ռիսկ չէինք անում մեջը մտնել: Իրոք պահ է եղել, իմ մորքուրի տղայի հետ գնացինք, 8-րդ դասարան էինք, որ լողանայինք, առաջին օրը անձրև էր եկել, գնացինք հասանք գետին ու հետ եկանք, չլողացանք, քանի որ էնքան վարար էր, մտնեինք մեջը, մեզ կտաներ», - պատմեց Մխիթարյանը:

Բայց վերջին 10 տարիներին գնալով փոխվել է պատկերը։ Երբեմնի գետը կիլոմետրերով անջուր է։ Մարցի ձորում ձկների մասին էլ այլևս չեն խոսում. «Ծառը վերացել ա, խոտը վերացել ա, ձուկը վերացել ա, տուրիստը վերացել ա»:

2000-ականներից Հայաստանում կտրուկ աճեց փոքր ՀԷԿ-երի թիվը։ Եթե 1996 թվականին Հայաստանում եղել է կիսատ-պռատ աշխատող 15 հիդրոկայան, ապա 2010 թվականին այդ թիվն արդեն 60-ով ավելացել էր։ Այսօր արդեն Հայաստանում 191 ՀԷԿ է գործում։

Օրերս «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շեշտեց, որ ուսումնասիրել են Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի 30-40 տոկոսը և գերակշիռ մասում շատ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն ենթադրող, իրավախախտումներ են հայտնաբերել։ Պարզվել է՝ ընկերությունների տարիներ առաջ ստացած ջրօգտագործման թույլտվություններն անօրինական են։

«Միայն վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, երևի 5-6 ջրօգտագործման թույլտվություններ ենք տվել ՀԷԿ-երի և երկարացումներ ենք արել և բոլորն առաջնորդվել ենք բացառապես բնապահպանական շահով ու օրենսդրությամբ: Որևէ պարագայում մեզ համար էական չէ, թե տվյալ հայտի տրեն ով է կամ ընկերությունն ում է պատկանում», - նշել է նախարարը:

Մինչդեռ «Ուղղակի ժողովրդավարություն» Հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը, որը երկարատև ուսումնասիրել է Լոռու մարզի մոտ երեք տասնյակ ՀԷԿ-երի ազդեցությանը ենթարկված գետերն ու դրանց վտակները, եզրակացրել է, թե մարզում հիդրոկայանների գործունեության հետևանքն իսկական բնապահպանական աղետ է բերել։

Լոռիում անցած տարվա ընթացքում երկարացվել է Դեբեդի ու դրա վտակների վրա գործող երեք ՀէԿ-երի գործունեության ժամկետը։ Իրավապաշտպանը համոզված է, թե խորը ուսումնասիրության դեպքում կառավարությունը պետք է, որ չտար այդ թույլտվությունները։

«Պետք է գոնե 10 տարի հետո ուսումնասիրություն իրականացվեր, թե այդ 10 տարվա ընթացքում գետն ինչ վիճակի է հասել: Այսինքն՝ եթե մենք, օրինակ, հիմա անցկացնենք երկրաբանական հետազոտություն և ուսումնասիրենք 10 տարի առաջվա Դեբեդ գետի երկրաբանական ուսումնասիրության եզրակացությունը, լրիվ հակառակ պատկերներ կլինեն», - ասաց Քոթանջյանը:

Իրավապաշտպանը կանգնել էր Դեբեդ գետի մեջ, որտեղ բնական ջրահոսքի փոխարեն միայն քարեր են։ Լոռու և Տավուշի սահմանագծից մոտ 2 կիլոմետր դեպի Ալավերդի հնարավոր է քարերի վրա անարգել քայլել. ջրային պաշար այստեղ բացարձակապես չկա։ Նույն իրավիճակն է նաև Մարց գետի վրա։ Իրավապաշտպանն ասում է՝ դեռ անցած տարի ամռանն են ահազանգ հնչեցրել, նամակներ գրել վերահսկողություն իրականացնող բնապահպանական տեսչությանը։ Պատասխանել են, որ ուսումնասիրել են Մարց գետի վրա գործող Մարցիգետ-1 ՀԷԿ-ը, որտեղ ամեն ինչ կարգին է եղել։

«Կես տարվա ընթացքում թերևս որևիցե աշխատանք չի արվել, ու նույն տեսչությունը չի նկատել ջրազրկման էս աստիճանը, որտեղ չի կարող լինել ձկնապաշար, չի կարող ապահովվել վեգետացիա, բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում ամբողջ տարածաշրջանի համար», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG