Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին այսօր մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Ըստ Քննչական կոմիտեի, Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում: Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական հետապնդում է որակում. «Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»:

Մինչդեռ իշխող խմբակցությունից հերքում են Վազգեն Մանուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելու մասին մեղադրանքները: «Որևէ քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի կարող լինել», - ասաց «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանը:

Վազգեն Մանուկյանը, որը պատերազմից հետո առաջնորդում է վարչապետի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքները, հրաժարվել է գործի առնչությամբ ցուցմունք տալ, լրագրողների հետ զրույցում նա միայն պնդեց՝ իր հայտարարությունները Սահմանադրությունը չեն խախտում. «Ինչո՞ւ պետք է ցուցմունք տամ, ասացի, չէ՞, որ ցուցմունք չեմ տվել»:

Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուի շահերը պաշտպանում է Արամ Վարդևանյանը, որը նաև սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է։ Նրա պնդմամբ՝ այս գործը պատվիրված է:

«Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք: Այսինքն՝ պարզ է, չէ՞, որ եթե երբ քաղաքական իշխանությունն ունենում է քաղաքական հակառակորդ, վերջին երեք տարիների ընթացքում տեսնում ենք, որ անպայման պետք է լինի քրեական գործ», - նշեց փաստաբանը:

Վարդևանյանի խոսքով՝ եթե ապստամբելով իշխանությունը վերցնելուն ուղղված կոչ լիներ, ապա դա կիրականացվեր. «Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին էր, այս պայմաններում խոսել Քրեական օրենսգրքի հետ առնչության մասին, առնվազն աբսուրդ է: Նաև հենց այդ հանգամանքն էլ, որ մեղադրանքի էությունն առհասարակ պարզ չէ և պարզ չէ առնչությունը այդ մեղադրանքի Քրեական օրենսգրքի հոդվածների հետ, ևս արձանագրվեց այսօր»:

75-ամյա Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Պաշտպանն ասաց՝ կբողոքարկեն այդ որոշումը. «Ի՞նչ խափանման միջոց պետք է կիրառվի, որը ունենա հիմք Վազգեն Մանուկյանի նկատմամբ, այսինքն՝ լավ, եթե քրեական գործը հարուցել են, պատվերը կատարել են, խափանման միջոցն ի՞նչ առնչություն ունի: Խոսքը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետի մասին է, որը կարծում եմ, իր կյանքի ընթացքում դրսևորել է այնպիսի վարքագիծ, որ նույնիսկ տեսական որևէ ռիսկի մասն խոսք լինել չի կարող այս պարագայում»:

Վարդևանյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնին ընտրվելիս ասում էր՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», փաստաբանի խոսքով, այդ հայտարարությունը հանցագործության հատկանիշներ ունի, սակայն այդ առնչությամբ նույն հոդվածով գործ չի հարուցվել:

«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել մեկ անձ, ով որ սպառնա՝ Հայաստանում կա՛մ ինքն է լինելու վարչապետ, կա՛մ վարչապետ չի լինելու, դա ոչ միայն 301-րդ հոդվածի տիրույթում պետք է դիտարկվի, եթե մենք չենք նայում դա որպես քաղաքական գործընթաց, այլ նաև Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի, որովհետև դա իշխանության յուրացման, զավթման դասական գործիքներից մեկն է: Բայց որքանով բոլորս հիշում ենք՝ այդ հարով քրեական գործ չկա», - հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատ Վազգեն Մանուկյանն ապստամբության մասին խոսում է հունվար ամսից։ Ապստամբելու իրավունքի շուրջ մասնագետների կարծիքները տարբեր են, մի մասն ասում է՝ նման իրավունք կա և հակաօրինական չէ, մյուս մասը հակառակը՝ պնդում է՝ ապստամբությունը որպես իրավունք ներկայացված չէ միջազգային իրավական որևէ փաստաթղթում։

XS
SM
MD
LG