Մատչելիության հղումներ

Որոնումներն այսօր շարունակվում են, երեկ իրականացված աշխատանքներն, ըստ ԱԻՊԾ-ի, արդյունք չեն տվել


Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Նշենք, որ ավելի քան երկշաբաթյա դադարից հետո երեկ որոնողական աշխատանքները վերսկսվել են, 4 ջոկատով աշխատանքներ են տարվել Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Ըստ ԱԻՊԾ-ի, Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Սակայն, օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

XS
SM
MD
LG