Այցելելով Դոնբաս՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուգանսկի շրջանում տեղակայված շարժական զինվորական հիվանդանոցում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Զելենսկին հուսով է, որ իր օրինակը կհամոզի բոլոր նրանց, ովքեր մերժում են վակցինայի գաղափարը՝ անպայման պատվաստվել և պաշտպանվել կորոնավիրուսի վտանգից:
«Ես բոլորին կոչ եմ անում պատվաստվել, կարծում եմ, դա ճիշտ որոշում է, ես տեսել եմ իմ հակամարմինների աստիճանը, այն շատ ցածր է»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայում նոր է մեկնարկում պատվաստումների արշավը: 41 միլիոն բնակչությամբ երկիրը փետրվարին ստացել է Astra-Zeneca ընկերության արտադրած վակցինայի 500 հազար դեղաչափ:
Հարցումների արդյունքները վկայում են, որ բնակչության մոտ 47 տոկոսը չի ցանկանում պատվաստվել: Ուկրաինան մերժել է Спутник-V ռուսական արտադրության վակցինայի ներկրումը: