Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը զինծառայողի հարազատներից խարդախությամբ առանձնապես խոշոր գումար հափշտակելու ևս մեկ դեպք է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է զինծառայողի հարազատներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքի բացահայտման մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին` անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն: Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստանն տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30 հազար դոլար՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: «Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից 15 հազար ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15 հազար ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար», - ասված է հաղորդագրությունում։

«Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7 միլիոն 896 հազար 750 ՀՀ դրամին համարժեք նշված 15 հազար ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել», - շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ») հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց և «կրկին վստահեցնում է, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG