Մատչելիության հղումներ

ԶՈւ ղեկավար կազմը վերահաստատում է իր գնահատականները, հորդորում «դադարեցնել անհիմն մեղադրանքները»


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ «անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ»։ Այս մասին հայտարարությունը ներկայացված է ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջում:

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով», - ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր հանրահավաքի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ. «Երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ էտ ա դավաճանությունը, բայց էլի եմ ասում` թուղթը, եկեք ճիշտ հասկանանք, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է, և առնվազն այդ առաջարկը այլ գեներալների արել է Օնիկ Գասպարյանը, ստորագրելուց հետո այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ` Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության», - ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ հայտարարությամբ հանդես եկան` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց` իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի, որի ընթացքում հայտարարեց, որ դիմել է նախագահին` Գասպարյանին պաշտոնանկ անելու առաջարկությամբ: Նախագահը այդ միջնորդությունն առարկություններով ետ է ուղարկել վարչապետին, վերջինս կրկին վերադարձրել է Արմեն Սարգսյանին:

Ըստ Սահմանադրության` այժմ նախագահը այսօրվանից սկսած եռօրյա ժամկետում կա՛մ պետք է ստորագրի Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան։

XS
SM
MD
LG