Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը մտահոգություն է հայտնել սպանությունների և դրանց փորձերի թվի աճի կապակցությամբ


2020թ.-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4 տոկոսով, Երևան քաղաքում՝ 1069-ով կամ 7.1 տոկոսով: Այս մասին նշվել է այսօր գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2 տոկոսով, բացահայտումը կազմել է 54,9 տոկոս: Սակայն ծանր հանցագործության դեպքերը նվազել են 9․2 տոկոսով: Վերջինս պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8 տոկոսով նվազմամբ:

2020թ.-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019թ.-ի 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:

10.7 տոկոսով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը:

Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը:

Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել 4.6 մլրդ դրամի վնաս, որը մոտ 2.5 միլիարդով կամ շուրջ 223 տոկոսով ավելի է 2019թ.-ի համեմատ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսևորումները բացահայտմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG