Մատչելիության հղումներ

Ձմռան վերջին օրը Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին


Աշխարհահռակ թավջութակահար Միշա Մայսկին համերգի ժամանակ, արխիվ
Աշխարհահռակ թավջութակահար Միշա Մայսկին համերգի ժամանակ, արխիվ

Վաղը՝ ձմռան վերջին օրը մի հրաշալի համերգ է սպասվում երաժշտարվեստի երկրպագուներին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին:

Լատվիայում ծնված, Ռուսաստանում ուսանած, հետագայում Իսրայել բնակության տեղափոխված, աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող այսօր արդեն 73-ամյա թավջութակահարը առաջին անգամ Հայաստան էր ժամանել 14 տարի առաջ, և ահա վաղը նա կրկին կներկայանա հայ ունկնդրին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելով Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու և Մաքս Բրուխի ստեղծագործությունները:

«Դեռ 14 տարի առաջ եկել էր ինքը և շատ սիրել էր մեր նվագախումբը, իսկ մեր նվագախումբը հիմա շատ անգամ ավելի լավն է, քան 14 տարի առաջ։ Եվ միշտ խոսում էինք, մի քանի անգամ փորձ ենք կատարել, շատ ոչ կարևոր պատճառներ, բայց խանգարել են, որ գա։ Հիմա, հենց որ տեսանք, որ ժամանակ ունի, խոսեցինք, ինքը միանգամից ասաց՝ «մեծ սիրով կգամ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ «Կարծում եմ՝ շատ լավ կստացվի», - հավելեց նա։

Աշխարհահռչակ թավջութակահարն անսպառ հումորի տեր անձնավորություն է: Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակով պատմում էր, որ առաջին կինը 20 տարի իր հետ ապրելուց հետո բաժանվել է իրենից, որովհետև չի դիմացել իր անեկդոտների անսպառ քանակին: Տարիներ շարունակ խնդրել է իրեն գոնե օրական ընդամենը մեկ անեկդոտ պատմել, բայց երբ անեկդոտները սկսեցին կրկնվել, այլևս չդիմացավ ու գնաց, ծիծաղելով պատմում էր երաժիշտը՝ շեշտելով, որ իր համար ամենակարևորը կյանքում ընտանիքն է և երաժշտությունը:

Միշա Մայսկին 6 երեխաների հայր է, նրանցից երեքն արդեն պրոֆեսիոնալ երաժիշտներ են, ասում էր, իսկ փոքրերը դեռ միայն սովորում են այս կամ այն երաժշտական գործիքը նվագել: Մեծ սիրով ցույց տվեց երեխաների լուսանկարները և կատակով նկատեց․ - «Դուք պետք է անպայման տեսնենք այս լուսանկարները, որովհետև եթե ինձ ճանաչող մեկին ասեք, որ ինձ հետ 15 րոպե զրուցել եք և չեք տեսել իմ երեխաների լուսանկարները, ձեզ չեն հավատա, որ հանդիպել եք ինձ»: «Ամենաշատը սիրում եմ երեխաներ ունենալ և թավջութակ նվագել», - ասում էր Միշա Մայսկին:

Պատմում էր, որ մեծ սիրով է ընդունել Էդուարդ Թոփչյանի առաջարկը, որովհետև աշխարհով մեկ տարածված համավարակը երկար ժամանակ փակել էր համերգասրահների դռները․ - « Հիմա բոլորիս համար բարդ իրավիճակ է՝ տարբեր պատճառներով՝ քովիդ, համավարակ, որի հետևանքով համերգները հետաձգվում են»:

Միշա Մայսկին համոզված է, որ ինչպես արվեստներից յուրաքանչյուրը, այնպես էլ երաժշտությունը միշտ եղել է, կա ու կլինի մեր կյանքի կարևոր բաղկացուցիչներից մեկը: Եվ եթե ավելի մեծ թվով մարդիկ ըմբռնեին երաժշտության գեղեցկությունը, թերևս հնարավոր կլիներ ավելի շատ խուսափել կոնֆլիկտներից, և երաժիշտների առաքելությունը հենց առավել մեծ թվով մարդկանց երաժշտության գեղեցկությունը ներկայացնելն է և ուրեմն՝ նաև փոքր-ինչ նպաստելը կոնֆլիկտների նվազեցմանը ողջ աշխարհում:

Դե իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ ի՛ր ներդրումն ունի երաժշտության այս մեծ առաքելության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG