Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանը ԶՈՒ ԳՇ հայտարարությունը կապում է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնանկության և առաջիկա բարեփոխումների հետ


Բանակին թույլ տալ, որ մտնի քաղաքականության մեջ, դա երկրի շահերից չի բխում, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հայտարարվեց, որ բանակը գնում է լրջագույն ռեֆորմների, բնականաբար, կադրային փոփոխությունների ևս, և, բնականաբար, դա պետք է առաջացներ անհանգստություններ։ Ես հիմա տեսնում եմ անհանգստությունները կադրային կոնկրետ փոփոխության հետ։ Իսկ բանակին թույլ տալ, որ մտնի քաղաքականության մեջ դա մեր երկրի շահերից չի բխում», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով․ - «Բանակն, ըստ էության, քաղաքական հայտարարություն է անում։ Հո պարոն Խաչտրյանի հանելուց անմիջապես չհավաքվեցի՞ն, սա էփված թեմա է, իմ կարծիքով, որը վտանգներ պարունակում է իր մեջ։ Սա կապ ունի բանակում սպասվող ռեֆորմների հետ։ Շտաբի պետը քաղաքական հայտարարություն է արել, եթե մենք պետություն ենք, անմիջապես պետք է քաղաքական գործընթացը բանակից հեռացվի և շտաբի պետը հանուն շտաբի պետի պետք է փոխվի»։

Քոչարյանը հանդարտության կոչ արեց՝ նշելով՝ երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից․ - «Ես ուզում եմ, որ հիմա բանակը հանդարտության կողմը կանգներ և կենտրոնանար պատերազմի հետևանքների վերացմանը»։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG