Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հորդորում է իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պատարագի ժամանակ, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ զարգացումներին։ Այս մասին ասված է Մայր Աթոռի հայտարարությունում։

«Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի», - ասված է հայտարարությունում, որը Ֆեյսբուքում հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG