«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններ ստեղծելով». - նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի համանախագահ Իսմայիլ Սերագելդինի հետ հեռավար զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը պնդել է, որ երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները կախված են «տարածաշրջանի երկրների և խոշոր տերությունների կողմից այդ նոր իրողությունների ճիշտ գնահատումից»։
«Կարծում եմ, որ Ադրբեջանն այժմ թշնամանքի, ատելության ու հակամարտության էջը փակելու և տարածաշրջանի ապագան կառուցելու իրական պատրաստակամություն է ցուցաբերում», - հայտարարել է Ալիևը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է։ «Այդ խնդիրն այլևս պատմության գրկում է», - ասել է Ադրբեջանի նախագահը։