Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի այս տարի իրականացնել ոչ միայն անցյալ տարի ծրագրած օպերային և բալետային ներկայացումների պրեմիերաները, այլև այս տարվա համար նախատեսված բեմադրությունների գոնե մի մասը:
«Վստահաբար չեմ ասում, որ բոլոր ծրագրերը, որովհետև ենթադրաբար նաև պետական միջոցների սղություն կա, և այնքան էլ վստահ չենք, թե բոլոր այդ ծրագրերի համար ֆինանսավորում կգտնվի։ Հայաստանում գտնվող և միակ հայկական օպերային և բալետի թատրոնը, հուսով եմ, այնուամենայնիվ յուրահատուկ մոտեցման կարժանանա, և նույնիսկ ֆինանսական սուղ պայմանների դեպքում պետք են առաջնախաղեր, պետք են թարմացումներ։ Բայց ժամանակը իր պրոբլեմները չի կարող չարտացոլել նաև մեր թատրոնի վրա։ Միակ օպերայի և բալետի թատրոնն է ամբողջ հայության, և ինձ թվում է, որ մենք չպետք է թույլ տանք, որ անկումային տրամադրությունները ազդեն թատրոնի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը։
Նա շեշտեց, որ գրեթե մեկ տարի չեն աշխատել, բայց այս տարի արդեն մեծ միջոցառումներով նշել են նախ Գեղամ Գրիգորյանի, ապա Վիլեն Գալստյանի հոբելյանները:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանը մոտ մեկ տարի է Միացյալ Նահանգներում է գտնվում։ Դրանից առաջ Օրբելյանը լուրջ խնդիրներ ուներ մշակույթի ոլոտի ղեկավարների հետ, անգամ հեռացվեց աշխատանքից, սակայն հետո դատարանի որոշմամբ հետագայում վերականգնվեց թատրոնի տնօրենի պաշտոնում:
Հարություն Արզումանյանը շեշտեց, որ երբևէ օպերային թատրոնն առավել արդյունավետ չի աշխատել, քան Օրբելյանի ղեկավարման կարճ այդ ժամանակահատվածում․ - «Ես քսան տարի է աշխատում եմ օպերային թատրոնում։ Իմ կարծիքով, ամենաարգասաբեր տարին էր այդ տարին, որ աշխատում էինք։ Անթիվ, մեկը մեկից գեղեցիկ պրեմիերաներ, հյուրախաղեր, բազմաթիվ պլաններ․․․ անձամբ ես եմ տեսել, թե ինչքան մեզ հետ կապված պլաններ ուներ։ Եվ ցավալիորեն, ոչ մեկին դա չհետաքրքրեց և կասեցվեց էդ ամբողջը։ Շատ երկար տևեց վերականգնման պրոցեսը, նույնիսկ դատարանի որոշումից հետո էլ երկար տևեց իրական վերականգնումը։ Իսկ երբ վերականգնվեց, սկսվեց համավարակը․․․ Այս տարվա օգոստոսին իր ժամկետը վերջանում է, և ես չգիտեմ, թե ինչ է լինելու դրանից հետո։ Մարդուն, ընդհանրապես լավ գործ անողին, որը այդքան էներգիա, ջանք, ֆինանս, ներդրում էր արել թատրոնում և նոր պլաններ ուներ, այդքան հիասթափեցնելը շատ ցավալի բան է»։
Նա ասաց, որ նոր նախարար Դումանյանի հետ հանդիպում ունեցել են․ - «Եկել էր Վիլեն Գալստյանի 80-ամյա հոբելյանի օրը։ Հուսով եմ, էլի կշփվենք»։
Անդրադառնալով բյուջետային հատկացումներին՝ Արզումանյանն ասաց․ - «Այնպես չէր, որ մենակատարները, լավագույն արտիստները շատ գումար էին ստանում, հիմա արդեն այդ գումարներն էլ նվազել են։ Չգիտեմ ինչքանով ա սա տեղին․․․ միգուցե բոլոր ոլորտներում է այս կրճատումը, բայց պետության սուղ միջոցներից հաճախ տեսնում ես, թե ինչ անտեղի ծախսեր են արվում, և ինչ կարգի գումարներ են վճարվում՝ հաճախ անհարկի, շատ ոլորտներում, հատկապես կառավարման ոլորտում։ Իսկ օպերային միակ թատրոնից այդ գումարները, որոնք, իմ կարծիքով, պետության բյուջեում մեծ գումար չեն, բայց թատրոնի բյուջեում դա մեծ գումար է։ Առավել ևս այն պարագայում, որ մենք այս պայմաններում չենք կարող մեծ մուտքեր ունենալ ներկայացումներից և համերգներից։ Համավարակ է, մարդիկ վախենում են, մարդիկ խուճապի մեջ են։ Կառավարման ոլորտում աշխատավարձերի հետ եթե համեմատես, ուղղակի չնչին և ծիծաղելի աշխատավարձեր են։ Հուսով եմ, ինչ-որ բան կփոխվի։ Այս տարի դեռևս բյուջեն լավ չի»։