Մատչելիության հղումներ

Իտալիայում համավարակի մեկնարկի օրը հետայսու կնշեն որպես Բուժաշխատողի օր


Հռոմի դատարկ փողոցները կարանտինի օրերին, արխիվ
Հռոմի դատարկ փողոցները կարանտինի օրերին, արխիվ

Իտալիայում այս տարվանից փետրվարի 21-ը կնշեն որպես Բուժաշխատողի ազգային օր: 2020 թվականի փետրվարի 20-ին ուշ երեկոյան Լոմբարդիայի երկրամասում առաջին անգամ բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդությունը:

«Նշելով Բուժաշխատողի օրը` մենք մեր հարգանքն ենք դրսևորում բժշկական հաստատություններում կորոնավիրուսի համավարակի դեմ հերոսական պայքար մղած մասնագետներին»,- ասել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել կորոնավիրուսից մահացած բժիշկներին և բուժքույրերին:

«Սեփական առողջությունը վտանգելու, երբեմն նույնիսկ կյանքի գնով ուրիշների առողջության համար հիվանդանոցներում պայքարող մեր եղբայրների և քույրերի օրինակը լուրջ մտորումների տեղիք է տալիս, նրանց անձնուրացությունն է իսկական վակցինա համատարած եսասիրության դեմ»,- ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Իտալիայի բուժաշխատողների համազգային միության տվյալներով, առնվազն 326 բժիշկ և կրտսեր բուժքույրական անձնակազմից ավելի քան 80 աշխատող է մահացել կորոնավիրուսից:

Իտալիայում կորոնավիրուսի առաջին խոշոր օջախը Լոմբարդիայի երկրամասում էր, որտեղ գրանցվել է մահվան առաջին դեպքը:

Ընդհանուր հաշվով Իտալիայում կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 2 միլիոն 781 հազար մարդ, մահացել է ավելի քան 95 հազար հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG