ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռավար եղանակով մասնակցել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նիստին:
Դիմելով ժողովի մասնակիցներին՝ Բայդենն ասել է, որ «աշխարհը դեմոկրատական և դիկտատորական ուժերի միջև ընթացող գաղափարախոսական պայքարում հասել է վճռական հանգրվանին», և գործընկերներին հորդորել է «միանալ Ամերիկային ազատությունը պաշտպանելու գործում»:
Վերլուծաբանների փոխանցմամբ, Բայդենի ուղերձի նպատակն էր փարատել Եվրոպայի կասկածներն անդրատլանտյան կապերն ամուր պահելու Վաշինգտոնի վճռականության վերաբերյալ, որը վերջին տարիներին կասկածի տակ է հայտնվել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետևանքով:
Բայդենն ասել է, թե խիստ կարևոր է հակազդել դեմոկրատիան խարխլելու և ՆԱՏՕ-ի դիրքերը թուլացնելու Չինաստանի և Ռուսաստանի փորձերին:
Նա ասել է, որ մեծ թվով երկրներում սկսվել է բանավեճ այն հարցի շուրջ, թե որ ճանապարհն է տալիս հուսալի կառավարում՝ դեմոկրատակա՞նը, թե՞ դիկտատորականը՝ տեխնոլոգիաների ապահոված աննախադեպ փոփոխությունների և կորոնավիրուսի մահացու համավարակի պայմաններում:
«Կասկած չկա, որ այդ մարտահրավերները հաղթահարելու լավագույն ճանապարհը դեմոկրատականն է»,- ասել է Բայդենը:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը սովորաբար տեղի է ունենում փետրվարին և տասնամյակներ շարունակ համարվել է տարվա ամենակարևոր քաղաքական միջոցառումներից մեկը, այն հաճախ անվանում են «անվտանգության Դավոս»:
Ամենամյա խորհրդաժողովը տեղի է ունենում Բավարիայի երկրամասի մայրաքաղաքում, քննարկումներին մասնակցում են տասնյակ պետությունների քաղաքական և զինվորական ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ավանդական ձևաչափով հանդիպումը կորոնավիրուսի կապակցությամբ չեղարկվել է, կազմակերպիչները հայտնել են, որ եթե համավարակը հաղթահարվի, ամռանը Մյունխենում կարող է տեղի ունենալ հավաք: Միաժամանակ կազմակերպիչները կարևոր են համարել այս տարվա փետրվարին քննարկումների առցանց անցկացումը: