Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը


Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան

Որ պաշտոնավարման տարիներին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելով դպրոցներում ու մանկապատեզներում տարածքներ օտարելու համար մեղադրանք է առաջադրվել, Քննչական կոմիտեն երեկ հայտնեց։

Համաձայն գործի տվյալների, Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին հանձնարարել է թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագծեր՝ դրանք փոքրացնելով, իսկ առանձնացված տարածքները օտարվել են իր մերձավորներին՝ շուկայականից ցածր գնով։

Դրանցից մեկը Ավանում, Աճառյան փողոցում գտնվող թիվ 201 հիմնական դպրոցն է, որը մինչև 2019 թվականը գործում էր որպես թիվ 16 հատուկ դպրոց, մոտ 200 աշակերտներով։ Հատուկ դպրոցի կարգավիճակը փոխվեց՝ դառնալով հիմնական հանրակրթական դպրոց, փոխվեց նաև տնօրենը, ում ղեկավարման տարիներին տեղի է ունեցել դպրոցի տարածքի օտարումը։

Նոր տնօրենը գործի հետ որևէ առնչություն չունի, հետևաբար հրաժարվեց հարցազրույցից։ Դպրոցն ընդունելիս, ասաց, դպրոցի նախագծերը բացակայել են, ինքը չի տեսել, և միայն իր նշանակվելուց հետո դպրոցում իրականացված աուդիտի արդյունքում պարզվել է, որ դպրոցի տարածքը օտարվել է Տարոն Մարգարյանի սանիկին և դպրոցի նախկին տնօրենի ամուսնուն։ Խոսքը դպրոցի բակում՝ աջ ու ձախ կողմերում գտնվող այգիների մասին է։ Որևէ կառուցապատում կամ շինարարություն, օտարումից հետո այս տարածքում չի եղել։

2011 թվականին, երբ իրականացվել է գործարքը, տնօրեն Մարիետա Պետրոսյանն է եղել, հետո տնօրեն է նշանակվել նրա հարսը և միայն 2019-ին, երբ փոխվեց նաև դպրոցի կարգավիճակը, նոր տնօրեն նշանակվեց մեկը, ով որևէ կապ չունի այդ ընտանիքի հետ։

Դպրոցին պատկանող մոտ 13 հազար քմ մակերեսով տարածքից անհիմն, ըստ քննչականի, նվազեցվել է մոտ 3693 քմ մակերեսով հողատարածք։

Տիկին Մարիետայի հետ փորձեցինք կապ հաստատել հեռախոսով, զանգին նախ չատասխանեց, հետո մի տղամարդ պատասխանեց՝ ասելով, որ սխալվել ենք։ Հարսի՝ Կարինե Նորեկյանի հետ խոսեցինք, բայց շատ կարճ պատասխան ստացանք․ - «Չէ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։

Հաջորդը ոչ թե դպրոց, այլ մանկապարտեզ էր, այս անգամ Էրեբունի վարչական շրջանում։ Ավանեսովի փողոցում գտնվող համար 64 մանկապարտեզի տնօրենը երկրում չէր, արձակուրդում էր գտնվում։ Այստեղ էլ մանկապարտեզի տարածքին պատկանող ավտոտնակներ են եղել և դրանք են օտարվել տնօրենի հորը։

Արձակուրդում գտնվող տնօրենը այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից, այսինքն այն ժամանակվանից, երբ օտարումը տեղի է ունեցել։ Այս դեպքում էլ մանկապարտեզին պատկանող տարածքից ընդհանուր նվազեցվել է մոտ 1400 քմ մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի միջոցով, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված մանկապարտեզի տնօրենի հայրիկին:

«Պետությանը պատճառվել է էական վնաս», - առանց կոնկրետ գումարի չափը նշելու՝ հայտնում է Քննչական կոմիտեն։

Իսկ Տարոն Մարգարյանը, նրա շահերի պաշտպան Բենիկ Գալստյանի փոխանցմամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ - «Ըստ էության, նա չի հասկանում ինչի մեջ են իրան մեղադրում։ Երկրորդը, որևէ հանցավոր արարք չի կատարել։ Եվ երրորդը, մենք պահանջում ենք որոշակիացնել մեղադրանքը, պարզաբանել դրա էությունը, որը, ըստ էության, կոնվենցիոն պահանջ է»։

Տարոն Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նույն գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, և քաղաքպետարանի երկու այլ նախկին պաշտոնյայի։ Նախաքննական մարմինը նրանց գրավով ազատ է արձակել։

Հանրապետական Տարոն Մարգարյանը քաղաքապետ է ընտրվել 2011թվականին ու պաշտոնավարել է 7 տարի, հրաժարական է տվել 2018-ի հուլիսի 9-ին՝ հրաժարականի ուղերձում ոչինչ չնշելով հեռանալու պատճառների մասին։

Հրաժարականին նախորդել էր Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևան» հիմնադրամում իրականացված խուզարկությունն ու բացահայտված չարաշահումները։ Ազգային անվտանգությունը այս գործի շրջանակներում հարցաքննության էր հրավիրել նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Տարոն Մարգարյանին։ Գործի նյութերում նշվում էր, որ համաձայն քաղաքացիների կողմից ստացված հաղորդումների, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, ընդ որում, առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Այս գործում Տարոն Մարգարյանը ներգրավվել էր որպես վկա։

XS
SM
MD
LG