Մատչելիության հղումներ

Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում ապօրինի 110 շինության առկայության դեպքով քրգործ է հարուցվել


«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Վկայակոչելով Կառավարության 2008 թվականի որոշումը՝ դատախազությունը նշում է, որ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:

Ըստ հաղորդագրության, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 2020-ի օգոստոսի 10-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդեց, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են ապօրինի շենք-շինությունները։

XS
SM
MD
LG