Մատչելիության հղումներ

Հաստատվել է Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը


Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը: Մասնավորապես, դրամական օգնությունը տրամադրելու է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, եթե շահառուն Արցախի կենսաթոշակառու է կամ Ծառայությունը, եթե շահառուն Արցախի կենսաթոշակառու չէ և ներկայացրել է էլեկտրոնային դիմում։ Էլեկտրոնային դիմումը ներկայացվելու է օոliոe.ssa.am կայքէջի միջոցով մինչև 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել մինչ այժմ արցախահայությանը տրամադրված օժանդակությունների վերաբերյալ: «Մինչ այժմ արցախահայությանը տրամադրված սոցիալական աջակցության 20 միջոցառում է հաստատվել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ այդ բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով, որոնք մոտ ժամանակներս կավարտվեն, մինչև 3 մլրդ դրամի բյուջե ունենք, որոնք շահառուները պետք է ստանան: Այսինքն՝ ընդհանուր առմամբ առկա ծրագրերով մոտ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք»,- ասել է նախարարը: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ կառավարության այսօրվա նիստում ընդունված միջոցառումն էլ ներառյալ, արցախահայությանը տրվող աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 55 մլրդ դրամ:

«Կարծում եմ՝ կառավարության որոշումներում որոշակի կարգավորումներ պետք է իրականացնել բաշխման առումով, որ ավելի ճշգրիտ հասցեատերերին հասնի: Այդտեղ կարևոր թերություն եմ համարում, որ երեխաները կարծես թե շահառու չեն հաշվառվում, և դա գործնականում որոշակի հարցեր է առաջացնում: Ես հանձնարարել եմ արդեն, որ այդտեղ ուսումնասիրություն անենք, քանի որ, ըստ ամենայնի, որոշակի ճշգրտումների կարիք կա», - կառավարության լրատվականի փոխանցմամբ` ասել է վարչապետ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG