Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց տվյալ գործով անցնող գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Փաստաբանը հայտնեց՝ նիստը հետաձգելու խնդրանքով դեռ երկու օր առաջ ինքն էր դիմել դատարանին, քանի որ պաշտպանյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր։

Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից Սերգո Կարապետյանը լուսադեմին մահացել է։

Անցած տարեսկզբից մեկնարկած դատական նիստերի մեծ մասը չեն կայացել հիմնականում մասնակիցների չներկայանալու պատճառով, այդ թվում նախորդ անգամ՝ հունվարի 14-ին։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալ Սերգո Կարապետյանն ու նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ վատառողջ լինելու պատճառով:

Նույն գործով անցնող Սամվել Գալստյանն էլ էր մահացել՝ կորոնավիրուսի պատճառով։

Նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG