Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները բրիտանացի նախարարի հետ քննարկել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը


Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը թե՛ հանրապետության նախագահը, թե՛ արտգործնախարարն ու Ազգային ժողովի նախագահը քննարկել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ։

Վրաստան ու Ադրբեջան այցերից հետո Հայաստան ժամանած Ուենդի Մորթընի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն, օրինակ, ընդգծել է ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության մասին՝ նշելով, որ «դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր նրանց համար, ովքեր արժանահավատորեն և հետևողականորեն հանդես են գալիս միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ռազմագերիների վերադարձի հարցը բարձրացնել բոլոր հնարավոր հարթակներում և բոլոր հնարավոր սուբյեկտների առաջ, որոնք այս կամ այն կերպ, թեկուզ նվազագույն չափով կարող են օգտակար լինել այդ հարցի լուծման ուղղությամբ։

«Չեմ կարող ասել Մեծ Բրիտանիայի ներգրավվումն ինչպիսին կլինի արդյունավետության տեսանկյունից, բայց այն, որ Մեծ Բրիտանիան ունի որոշակի դիվանագիտական, քաղաքական ներուժ այդօրինակ հարցերում օգտակար լինելու, ես կասկած չունեմ։ Ամբողջ հարցն այն է, թե այդ օգտակարությունն ինչ աստիճանի կարող է լինել, և, ըստ այդմ, ազդեցության տեսանկյունից ինչպիսին կարող է լինել հարցի առարկայական լուծման ուղղությամբ։ Այդուհանդերձ լինելով անշուշտ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռեգիոնալ քաղաքական զարգացումներում նշանակալից դերակատարներից մեկը, Հայաստանը պետք է բարձրացնի այդ հարցը Մեծ Բրիտանիայի առաջ, և դա շատ կարևոր է», - ասաց Բադալյանը։

Բրիտանացի նախարարի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին։ Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում:

Ազգային ժողովի նախագահն էլ նշել է, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մորթընը կարևորել է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Ի դեպ, երեկ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։

XS
SM
MD
LG