Մատչելիության հղումներ

ՆԱՏO-ի պաշտպանության նախարարները քննարկում են դաշինքի առջև ծառացած խնդիրները


Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

ՆԱՏՕ-ի անդամ 30 պետությունների պաշտպանության նախարարներն այսօր՝ ընթացիկ տարում առաջին անգամ, հավաքվում են՝ միասին քննարկելու դաշինքի առջև ծառացած խնդիրները։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն, երկօրյա համաժողովը անց է կացվում հեռավար կարգով։

Չնայած դրան, դաշինքին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ պաշտպանության նախարարների այս հավաքը շրջադարձային կարող է դառնալ։ Բանն այն է, որ սա ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված առաջին մեծ միջոցառումն է դաշինքի գործունեության հանդեպ խիստ քննադատական վերաբերմունք որդեգրած Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտից ի վեր։ Ամերիկյան նոր վարչակազմի մոտեցումների փոփոխությունը ՆԱՏՕ-ի հանդեպ Բրյուսելում արդեն իսկ նկատում են։

«Կարծում եմ գաղտնիք չէ, որ վերջին չորս տարիների ընթացքում մենք մի շարք դժվարին քննարկումներ ենք ունեցել ՆԱՏՕ-ի ներսում։ Բայց այժմ մենք ապագային ենք նայում։ Իսկ ապագայի գլխավոր ցուցիչը ամերիկյան նոր վարչակազմն է, որը հավատարիմ է տրանսատլանտյան համագործակցության, Միացյալ Նահանգների և Եվրոպայի համատեղ աշխատանքի գաղափարներին։ Ես երկու անգամ արդեն զրուցել եմ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ՝ նրա ընտրվելուց հետո։ Նա միանշանակորեն և հստակորեն կողմ արտահայտվեց դաշինքների վերականգնմանը և ՆԱՏՕ-ի հետագա հզորացմանը», - Պաշտպանության նախարարների հավաքից առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ամերիկյան աղբյուրները ևս վկայում են, որ Սպիտակ տան նոր ղեկավարությունը արմատապես այլ մոտեցումներ ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նկատմամբ, քան նախորդ վարչակազմը։ Reuters-ի տեղեկություններով՝ Սպիտակ տան վարչակազմն այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի հավաքն ընկալում է որպես հարաբերություններում նոր մեկնարկի սկիզբ։ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները գործակալությանը փոխանցել են, որ Պենտագոնի նորանշանակ ղեկավար Լոյդ Օստինը պաշտպանության նախարարների հավաքի ընթացքում ընդգծելու է Վաշինգտոնի հավատարմությունը դաշինքի առջև ստանձնած պարտավորություններին։

Հյուսիսատլանտյան դաշինքի և դրա ամենաազդեցիկ հիմնադիր անդամ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները լրջորեն սրվեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում։ Դրա գլխավոր պատճառը ամերիկյան նախկին վարչակազմի՝ դաշնակիցներին ուղղված պահանջն էր՝ կատարել ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ՀՆԱ-ի առնվազն երկու տոկոսը հատկացնելով պաշտպանական ծախսերին։

Այսօր այդ պահանջը կատարում է դաշինքի 30 անդամ պետություններից միայն 10՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Հունաստանը և արևելաեվրոպական հինգ երկիր։ Թրամփի վարչակազմի հիմնական թիրախը, սակայն, Գերմանիան էր, որի կառավարությունը դժկամորեն է վերաբերում պաշտպանական ծախսերի կտրուկ մեծացման Սպիտակ տան պահանջին։

Reuters-ի տեղեկություններով, Բայդենի վարչակազմը ևս համարում է, որ դաշնակիցները պետք է աստիճանաբար մեծացնեն պաշտպանական ծախսերը, սակայն դրան հասնելու համար գերադասելու է բանակցությունները, այլ ոչ թե ճնշումը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը դաշինքի հանդեպ Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները «սրբազան» է որակել։

«Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ նախագահ Բայդենը լավ գիտի ՆԱՏՕ-ն։ Նախկինում զբաղեցրած պաշտոնների բերումով նա դաշինքի բազմաթիվ հավաքների է մասնակցել, և ես անհամբերությամբ սպասում եմ այս տարի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՈ-ի գագաթաժողովի ընթացքում նրա հետ իմ հանդիպմանը», - հայտարարել է Ստոլտենբերգը։

Դաշինքին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ՝ թե՛ այսօր ու վաղը ընթացող հավաքի և թե՛ առաջիկա ամիսներին կայանալիք մյուս բանակցությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամները փորձելու են գտնել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք կուտակվել էին Դոնալդ Թրամփի պաշտոնավարման չորս տարիների ընթացքում։ Դրանց շրջանակը բավական լայն է՝ կիբերհանցագործություններից մինչև Ռուսաստան։ Ի դեպ, Ռուսաստանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ, այսօրվա հավաքի նախօրեին, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է իսպանական «Էլ Մունդո» թերթին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի և ամրության վրա։ Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ միամտությունն անթույլատրելի է։ Բայց մենք պետք է նաև բանակցենք Ռուսաստանի հետ՝ հստակ ազդակներ ուղարկելով Մոսկվային՝ եթե Ռուսաստանը բախման է ձգտում, մենք այդ բախմանը պատրաստ ենք», - իսպանական թերթին տված հարցազրույցում նշել է Ստոլտենբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG