Մատչելիության հղումներ

Գևորգ Պետրոսյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը


Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Իր որոշման մասին պատգամավորը Ֆեյսբուքում է գրել՝ նշելով, որ մեծ դժվարությամբ է կայացրել այն:

«Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով», - գրել է Պետրոսյանը:

Պետրոսյանը, ըստ էության, ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրում է իր որոշ կուսակից գործընկերներին՝ ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասի համար։

Իշխանություններին վերջին մեկ տարում խստորեն քննադատող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս հայտարարել էր, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն կմասնակցի, ընդ որում՝ առանց որևէ այլ ուժի հետ դաշնակցելու։

Արդյո՞ք խմբակցությունը լքելու որոշումը կապ ունի կուսակցության առաջնորդի այս դիրքորոշման հետ։ Պետրոսյանը այս հարցին որևէ կերպ չի անդրադարձել. – «Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը»:

Թե մասնավորապես ում մասին է խոսքը, պատգամավորը չի նշել, տեղեկացրել է միայն, որ Ազգային ժողովում իր աշխատանքը շարունակելու է արդեն որպես անկախ պատգամավոր։

Այնուամենայնիվ, արդյո՞ք որոշ կուսակիցների կամ հենց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ լուրջ հակասություններն են կան, և արդյո՞ք պատրաստվում է այլ քաղաքական ուժի միանալ։ Սա Պետրոսյանից այսօր պարզել չհաջողվեց, նա ողջ օրը մեր զանգերն անպատասխան թողեց։ Ազգային ժողովում էլ չէր եկել։

«Արմլուրին» տված մեկնաբանության ժամանակ, սակայն, վերջինս հերքել է, թե որևէ այլ քաղաքական ուժի միանալու քաղաքական պայմանավորվածություն ունի։

ԲՀԿ-ական մյուս պատգամավորները ևս համառորեն լռում են, նրանք ևս մեր զանգերն անպատասխան թողեցին։ Իսկ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆյաջյաննը հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Գևորգ Պետրոսյանը, որը հաճախ աչքի է ընկնում իր խտրական ու աղմկահարույց հայտարարություններով, վերջին տասնայակում մի քանի անգամ է դուրս եկել «Բարագավաճ Հայաստան» կուսակցությսւնից. 2010-ին դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, 2015-ին վերականգնել, այնուհետ 2016-ին էլ արդեն ԲՀԿ-ի քաղաքական խորհդրի որոշմամբ հեռացվել է կուսակցությունից։

Այնուհանդերձ, արդեն 2017-ին պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան դաշինքի» համասնական ցուցակով, 2018-ին՝ ԲՀԿ ցուցակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG