Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին Նիդերլանդների աջակողմյան ուժի առաջնորդ Գիրթ Ուիլդերսի հայտարարությունների կապակցությամբ։
Ուիլդերսը, մասնավորապես, ահաբեկիչ է անվանել Էրդողանին՝ թագավորության վարչապետին կոչ անելով երկրից արտաքսել Թուրքիայի դեսպանին։ Թվիթերյան այդ գրառման մեջ հոլանդացի քաղաքական գործիչը պնդել է նաև, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից։ Ուիլդերսը նույնաբովանդակ գրառում էր կատարել նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ դատապարտելով հայերի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը։
Մինչ այդ՝ Թուրքիայում հոլանդացի քաղաքական գործչի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել նախագահ Էրդողանի պատկերով հեղինակած ծաղրանկարի կապակցությամբ։