Մատչելիության հղումներ

Շուրջ 170 փաստաբաններ Գլխավոր դատախազությանը և ՀՔԾ-ին մեղադրում են անգործության մեջ


Շուրջ 170 փաստաբան դատարան է դիմել՝ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելով անգործության մեջ։ Նրանք դատարանից պահանջում են խախտված համարել իրենց իրավունքները։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո փաստաբանները դիմել էին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ռազմական գործողություններից առաջ և ընթացքում պետական դավաճանության հոդվածով։

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգիրքը և պնդում՝ Գլխավոր դատախազությունն իրենց դիմումից հետո երեք գործողություն պետք է աներ՝ քրեական գործ հարուցեր, մերժեր հարուցումը կամ էլ իրենց դիմումն ուղարկեր քննչական որևէ մարմին՝ որոշում կայացնելու։

«Մենք ասում ենք, որ պետք է այդ վարկածն էլ քննել, որովհետև մինչև պատերազմը մենք որոշակի իրադարձություններ ենք վկայակոչել, թեկուզ վարչապետի կողմից այնպիսի արտահայտություններ, որոնք որ կարող էին որոշակի ագրեսիայի բերել, օրինակ, «Արցախը Հայաստան է և վե՛րջ», բանակցային գործընթացը ձխողելուն կարող էր ուղղված լինել։ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարության մեկնաբանությունները։ Բացի դրանից, օրինակ, Տավուշում տեղի ունեցած դեպքը 2020 թվականի հունիսի 12-ին ու դրանից հետո, եթե հիշում եք, 55 զինծառայող «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց գումարած16 հոգի էլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, այսինքն՝ մոտ 75 զինծառայող պարգևատրվեց։ Դա այնպես ցուցադրվեց, որ բնականաբար կարող էր հակառակորդ պետության մոտ որոշակի բան առաջացնել» , - ասաց Զոհրաբյանը։

Մինչդեռ, ինչպես իրենց դիմումում պնդում են փաստաբանները, Գլխավոր դատախազությունն առանց որոշում կայացնելու ընտրել է լրիվ այլ ճանապարհ՝ դիմումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որն էլ այդ դիմումը կցել է Պաշտպանության նախարարության Ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին։

Պատերազմի ավարտից հետո Հակոբյանը հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել այսպես ասած «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Գեներալ գնդապետի այս աղմկահարույց հայտարարությունն այժմ քննում են իրավապահները՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածի շրջանակում։

Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ իրենց դիմումի հիման վրա իրավապահները դավաճանության հոդվածի շրջանակում պետք է քննեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի իր մեղքի բաժինը պատերազմի սկսման հարցում և արդյո՞ք այդ գործողություններում առկա է պետական դավաճանություն, թե՞ ոչ։

«Դրան գումարած հոկտեմբերի 5-ին 2020 թվականի, եթե հիշում եք, պատերազմի ժամանակ մարտակոչ վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և զինվորների քանակ հրապարակեց, որոնք որ մեկ տարի է զորացրվել էին։ Հիմա հարց մեկ՝ այո՛, կարող է անփույթ է գտնվել, փորձ չունի նման իշխանություն զբաղեցնելու, բայց կարող է հակառակն էլ լինի, որ դիտավորությամբ թշնամուն նման ձևով օժանդակություն է ցուցաբերել և նա առավելություն է ունեցել մեր նկատմամբ», - ասաց Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի նախագահն ասում է՝ գործը հարուցելով կարելի էր պարզել իրականությունը իրենց կասկածների առնչությամբ։

«Բոլոր իրադարձությունները մենք ասում ենք՝ մեկ անգամ ևս նայեք դավաճանության հանցակազմի աչքերով, ինչո՞ւ, որովհետև, եթե իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք դավաճանության հետ կապ չունեն, այսինքն՝ սա անփութության կամ ինչ-որ բացթողման հետևանք է, ես կարծում եմ, որ հենց իշխանությունը պետք է շահագրգռված լինի, որ մաքսիմում այս հիմքով քրեական գործ հարուցվի և հենց այս աչքերով բոլորը դիտարկեն, ամեն ինչը դիտարկեն այս աչքերով և սրանից հետո հասկանան իրականում դավաճանույթուն եղե՞լ է, թե՞՝ ոչ», - ասաց Զոհրաբյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ նիստ էր նշանակել, որը հետաձգվեց։ Հաջորդը նշանակվել է փետրվարի 26-ին։

Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռևս չեն արձագանքում փաստաբանների նախաձեռնած դատական գործընթացին։

XS
SM
MD
LG