Մատչելիության հղումներ

Մրցավարները պարտավոր են խնայել ֆուտբոլի գերաստղերին, շեշտում է «Բարսելոնա»-ի մարզիչը


Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը, արխիվ
Մեսսին, Ռոնալդուն և Նեյմարը, արխիվ

Ֆուտբոլի միջազգային մրցաշարերը վերադառնում են Հին մայրցամաք: Այսօր վերսկսվում են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը՝ մեկնարկում են 1/8 եզրափակիչի հանդիպումները:

Լարված և անկանխատեսելի խաղեր են սպասվում: Հոգ չէ, որ կորոնավիրուսի հետևանքով մարզադաշտերում կլինեն միայն թիմերը, տեխնիկական աշխատողները, պաշտոնյաների փոքրիկ խմբեր և լրագրողներ:

Վիրուսը ստիպել է նույնիսկ որոշ խաղեր անցկացնել չեզոք տեղում, ինչը կապված է դաշտի տեր համարվող թիմի քաղաքում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ:

Այսպես, Մադրիդի «Ատլետիկո»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն և «Մանչեսթր Սիթի»-ն, «Լեյպցիգ»-ը և «Լիվերպուլ»-ը խաղալու են Բուդապեշտում:

Սակայն կորոնավիրուսից բացի ֆուտբոլում կա նաև մի շատ ավելի ավանդական պատուհաս: Խոսքը վնասվածքների մասին է:

Այսօր տեղի կունենա «Բարսելոնա»-ի և «Պարի Սեն Ժերմեն»-ի հանդիպումը: Դրա ինտրիգն այն էր, որ փարիզյան թիմի գերաստղ, բրազիլացի Նեյմարը պետք է խաղար իր երբեմնի հարազատ կատալոնական ակումբի դեմ, բայց այդքան սպասված դրամատիկ ներկայացումը չի լինի:

Ֆրանսիայի գավաթի մրցաշարում «Պարի Սեն Ժերմեն»-ը հանդիպել է «Կանն» թիմի հետ, որի պաշտպաններից մեկը կոպիտ է խաղացել Նեյմարի դեմ, արդյունքում բրազիլացին վնասել է ազդրը և առաջիկայում դաշտ դուրս չի գա:

Ու թեպետ Նեյմարի հայտավորումը «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում միայն դժվարություն կստեղծեր «Բարսա»-ի համար, կատալոնացիների մարզիչ Ռոնալդ Կումանն ափսոսանքով է խոսել վնասվածքի մասին: Նա ասել է, որ գերաստղերին և առաջին հերթին նրանցից ամենահայտնիներին պետք է խնայել, քանի որ նրանք համաշխարհային արժեք են:

«Կարծում եմ, նախևառաջ մենք պարտավոր ենք պաշտպանել Նեյմարի, Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի նմաններին, որովհետև նրանց որակներն են մեզ հաճույք պարգևում, այդ առումով մրցավարները պետք խնայեն մարզիկներին, բայց ֆուտբոլը կոնտակտային սպորտ է, առանց դրա չի ստացվի», - ասել է հոլանդացի մասնագետն, ով շատ տարիներ առաջ «Բարսելոնա»-ի առաջատար ֆուտբոլիստներից էր:

Նեյմարի բացակայության պայմաններում «Պարի Սեն Ժերմեն»-ի հույսը Կիլիան Մբապեն է: Կումանի համոզմամբ, այնուամենայնիվ, սխալ կլինի ակնկալել, թե այսօրվա խաղը կվերածվի Մեսսի-Մբապե առճակատման:

«Սա ավելի շատ մենամարտ է ոչ թե երկու անձերի, այլ երկու թիմերի միջև, որոնցից մեկի կազմում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, մյուսի կազմում՝ թիմի համար նման արժեք ներկայացնող Մբապեն», - ասել է Կումանը:

«Բարսելոնա» - «Պարի Սեն Ժերմեն» խաղից բացի, այսօր «Լեյպցիգ»-ը կխաղա «Լիվերպուլ»-ի հետ, իսկ վաղը տեղի կունենան «Պորտու» - «Յուվենտուս» և «Սևիլյա» - Դորթմունդի «Բորուսիա» հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG