«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը վարչապետի և նրա տիկնոջ վերաբերյալ արած հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:
Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, ըստ ՀՔԾ-ի, շարունակել է պնդումներ կատարել վարչապետի և նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց:
Արդյունքում` Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, այսօր որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով:
Իրավապահ կառույցը հաղորդում է, որ նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով: