2020-ի ընթացքում Երևանում հանցագործության դեպքերը նվազել են 1069 - ով կամ 7,1 տոկոսով (13 հազար 892 դեպք՝ 2019-ի 14 հազար 961-ի փոխարեն): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50, 4 տոկոս, այսօր տեղեկացրել է Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Երևան քաղաքի դատախազությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Հովհաննիսյանի խոսքով՝ մայրաքաղաքում 2020-ին ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 14 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 7, 8 տոկոսով: Դրանցով բացահայտման արդյունավետությունն ավելացել է շուրջ 5 տոկոսային կետով:
Երևան քաղաքի դատախազը նշել է, որ արձանագրվել է սպանության 11 դեպք՝ նախորդ տարվա 17-ի դիմաց, որոնցից բացահայտվել է 78, 3 տոկոսը: Փոխարենը՝ 10 դեպքով ավելացել են սպանության փորձի դեպքերը:18, 1 տոկոսով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնցով ևս արձանագրվել է բացահայտման ցուցանիշների որոշակի աճ:
2020-ին, ըստ դատախազի, մայրաքաղաքում զգալիորեն՝ 31, 3 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները՝ ինչին զուգահեռ 9 տոկոսային կետով աճել է նշված բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջինս, ըստ Հովհաննիսյանի, մասամբ կապված է երկրում գործող արտակարգ դրության պայմաններում բնակիչների՝ տներից քիչ բացակայելու հանգամանքի հետ, ինչպես նաև մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում շուրջ 30 տոկոսով ավելացել է բազմաբնակարան շենքերի կոդավորված դռներով վերազինումը, ինչը նաև էական կանխարգելիչ նշանակությամբ ապահովել է բնակարանային գողությունների նշված էական նվազումն ու բացահայտումների աճը:
Մայրաքաղաքում 2020-ին գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում 23 տոկոսով, ինչին զուգահեռ 18 տոկոսով նվազել են մահվան ելքով ՃԵԿ խախտումները:
Դատախազը նշել է, որ 2020-ին հարուցվել և վարույթ է ընդունվել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 56 քրեական գործ: 2019-2020թթ.-ին նկատելի է այս բնույթի հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավում։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է շեշտը դնել դատախազների կողմից՝ կոռուպցիոն հանցագործության նյութական հետքեր գտնելու դատախազական լիազորության իրացման նախաձեռնողականության վրա՝ հատկապես կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային համարվող ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող հանցավոր դրսևորումների բացահայտման նպատակով իրավասու մարմիններին տալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ:
Արթուր Դավթյանը շեշտել է, որ անհրաժեշտ է բազմապատկել քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության վրա ներազդելու, հանցագործություններին հանգեցնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին միջնորագրեր ներկայացնելու դատախազական ներգործության միջոցների գործադրման տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց իրականացմանը և կոնկրետ արդյունքների ապահովմանը:
Բացի դրանից, խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների դատախազները։