Մատչելիության հղումներ

Կողբի կոշկակարը. նախկին բեմի վարպետն այսօր կոշկակարի գործիքներն է ձեռքն առել


Սերգեյ Յարալյանը, Կողբ, Տավուշի մարզ, փետրվար, 2021թ․
Սերգեյ Յարալյանը, Կողբ, Տավուշի մարզ, փետրվար, 2021թ․

Կողբի կոշկակար Սերգեյ Յարալյանն առավոտ կանուխ սկսում է աշխատանքը, մինչև երեկո անելիք ունի։

Արհեստին անցել է 20 տարի առաջ, երբ զգացել է, որ իր նախկինում ունեցած մասնագիտություններով տուն պահելն արդեն անհնար է։ Նախկին բեմի վարպետն այսօր կոշկակարի գործիքներն է ձեռքն առել։

«Տպագրիչ աշխատել եմ, շրջանային թերթում լուսանկարիչ՝ հիմի ֆոտոլրագրող են ասում, էդ աշխատել եմ, շրջանային կուլտուրայի տանը երգել եմ, թատրոնում դերասան եմ եղել՝ դերասանություն եմ արել, Հայկական բանակում փողային նվագախմբում ավագ՝ ստարշինա եմ եղել, ու դրան զուգահեռ՝ կոշիկ․․․․ Ու հմիկ արդեն թոշակի եմ անցել քանի տարի ա, զբաղվում եմ կոշկակարությամբ, որը բնորոշ ա հայերին», - ասում է Յարալյանը։

«Մայրս ոսկի ձեռքեր ուներ, ձեռքի շնորհքով նրան եմ քաշել», - ասում է։ Բայց շեշտում է, որ անճարությունը երբեք իրենը չի եղել։ Գործ է, ուրեմն՝ սիրով է արել։ Դա է համարում տարբեր մասնագիտություններում հաջողության հասնելու իր գաղտնիքը։ Ընդ որում, օտար երկրներ աշխատանքի հետևից երբեք չի գնացել։

«Ճիշտն ասած՝ բոլորն էլ սիրով եմ արել, ինձ համար բոլոր գործերն էլ լավն են, մարդ մենակ սիրով անի՝ ամեն գործն էլ լավն ա։ Եթե գործի մեջ, խոսքի օրինակ, հանցանք չկա, բոլոր գործերն էլ հիանալի են», - ընդգծում է վարպետը։ - «Վախտին պետք ա էլել՝ գնացել եմ Թիֆլիս հասել, երկու կտոր հաց առել, եկել։ Ալարեի՝ չգնայի՞։ Թուրքերն էլ լիքն էին ամեն տեղ։ Պետք ա գործից չվախես, գնաս, ման գաս։ Ստեղ չլի՝ կողքը գյուղումը, Երևանն էլ»։

Առաջ բեմերում էր երգում, հարսանիքներում քեֆեր թեժացնում ու ծափերի արժանանում։ Այսօր կոշիկ կարելիս քթի տակ սիրած երգերն է մրմնջում։

Նախկին մասնագիտություններից հիմա միայն խունացած պատվոգրերն են մնացել 2 մետրանոց իր արհեստանոցում։ Կախել է գլխավերևում։ «Ժամանակը էնքան արագ փոխվեց, էնքան արագ, ու նույն արագությամբ գնում ա։ Էսօրվա հետաքրքիր բանը վաղը կարող ա էլ հետաքրքիր չլի», - ասում է։

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ կոշկակարությունն էլ մի օր չհետաքրքրի, Յարալյանն արձագանքեց․ - «Չէ, չէ, չէ, սա արդեն էլ հնարավոր չի։ Վաթսուն ու էսա վեց տարեկան եմ։ Ախպերս մի անգամ ասավ՝ «կարող ա՞ մի հատ լյոտչիկի տոմս էլ հանես», կատակով իհարկե։ Ասի չէ, պրծել ա»։

66-ամյա Սերգեյը կարծում է՝ կոշկակարությունը գոնե սահմանամերձ Կողբում դեռ պետքական մասնագիտություն է. պատվերի պակաս չի ունենա, քանի դեռ կոշիկի որակն այն չէ, մարդկանց սոցիալական վիճակն էլ թույլ չի տալիս դեն նետել վնասված կոշիկը։ Այդ դեպքում նորոգման վարպետը կոշիկի կյանքը մի սեզոնով էլ է երկարացնում։

«Նորմալ ա, լավ ա։ Ինչ ա էլել, աշխատանք ունեմ, մարդիկ դժգոհում են՝ աշխատանք չկա, ով էլ ուզենա՝ իրա հմար մի գործ կհնարի, ով էլ ուզենա, մտքին տեղ ըլի։ Թե չէ նստել բողոքելով հնարավոր չի», - ընդգծում է Յարալյանը։ - «Ճիշտ ա, դժվար ա գործ ճարելը, բայց ամեն մարդ էլ, ով էլ ուզենա՝ իր համար աշխատանք կճարի՝ ըստ իր շնորհքի, ըստ իր հարմարության։ Չենք հարստանում, բայց․․․․», - ասում է վարպետը։

Անուն առ անուն հաշվում է պատերազմի հետևանքով զոհված, անհետ կորած կամ վիրավոր դարձած ծանոթ-բարեկամներին ու ասում, թե աշխարհը էլ իր սրտով չի։ Փոքրիկ, խորհրդային տարիների հեռուստացույցը մշտապես լռում է։ Ասում է՝ հեռուստատեսությունից էլ է խռովել, լրատվությունից էլ։

«Սերը պակսել ա մեր ժողովրդի մեջին, սեր ըլի՝ ամեն ինչ լավ կըլի։ Սիրով ա մենակ ազգը ազգ դառնում, իրար ուտելով ազգ չի դառնա։ Ինձ դուր չի գալի, որ էս վիճակը՝ մարդիկ իրար ուտում են, թշնամացած իրար խոսում են, ամբողջ համացանցը լրիվ հայհոյանք ա։ Բոլորիս էլ տեղ ա հասել, ամեն մարդ էլ մեծ քաղաքականությունից ա խոսում արդեն՝ ով գիտեր՝ նա էլ ա խոսում, ով չգիտեր՝ նա էլ ա խոսում», - շեշտում է Սերգեյ Յարալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG