Մատչելիության հղումներ

«Երկրորդ կյանքը»՝ պրոթեզով, բայց ավելի արժևորված և լիարժեք


Պատերազմում աջ ոտքը կորցրած 19-ամյա Հովհաննես Մանուկյանը

«Որ կենդանի եմ մնացել, մտածել եմ՝ էս իմ երկրորդ կյանքն ա, էս երկրորդ կյանքս ավելի եմ արժևորում ու պիտի ավելի լավ կառուցեմ»։ 19-ամյա Հովհաննեսը ոտքը կորցրել է Մարտակերտում՝ հոկտեմբերի 13-ին։ 9 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։

«Սկսեցին հրետանիով կրակել, մտանք փոսի մեջ՝ մի հատ փոս կար հատուկ ավտոների համար նախատեսված, ու սամալյոտները սկսեցին խփել, առաջին անգամ խփեցին, չկպավ, հենց F-16-ը, երկրորդ անգամ որ խփեց, չհասցրեցինք՝ մենակ էդ իրա ռակետի ձենը լսվեց, ու տրաքավ, պայթեց։ Որ պայթեց, ոնց որ, սենց, աշխարհը ցնցվեր, չէի կարում շարժվեի, քարացել էի», - պատմում է Հովհաննես Մակարյանը։

Ցավից ուշքի եկած Հովհաննեսը հասկացել է, որ ողջ է, ձայն է տվել ընկերներին։ 30-հոգանոց խմբից միայն 6-ն էին ողջ մնացել։ Ինքն էլ մեկն էր այդ 6-ից։ Վիրավոր ընկերների հետ մեքենայով կարողացել են հիվանդանոց հասնել, առաջին հարցն էլ բժշկին գրավոր է տվել․ - «Բժիշկը թուղթը տվել, ասել ա՝ «անուն-ազգանունդ գրի», ես գրել եմ՝ «բժիշկ, ես կապրե՞մ, թե՞ չէ»։ Գրել եմ, ասել ա՝ «հա, եթե մեր մոտ ես, արդեն ամեն ինչ լավ կլինի»։

Որ կապրի, Հովհաննեսն էլ կասկած չունի։ Հիմա գլխավորը կյանքի մնացյալ ժամանակահատվածը լիարժեք կյանքով ապրելն է, հենց այդ հարցում պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցողներին օգնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մեկնարկել է կարիքների գնահատման ծրագիրը։ Տարբեր մասնագետներից կազմված խումբն այցելում է ամպուտացված զինծառայողներին, տեղում ճշտում կարիքներն ու գնահատում սոցիալական վիճակը։

Հովհաննեսի ձախ ոտքի մեջ դեռևս 40 բեկոր կա, դրանք կհեռացվեն ավելի ուշ։ Հիմա աշխատանք է տարվում աջ ոտքի պրոթեզավորման համար։ Հովհաննեսն ուսումնամարզական պրոթեզն արդեն ստացել է, քայլել ու տեղաշարժվել պրոթեզով կարողանում է, թեև դեռ լիարժեք չի հարմարվել։ Ցավերը կանցնեն ժամանակի ընթացքում, իսկ պրոթեզին հարմարվելու համար նաև ինքը՝ Հովհաննեսը պետք է ջանքեր գործադրի։ Վնասվածքաբան-օրթոպեդի հարցին, թե ի՞նչ կցանկանա անել պրոթեզով, որ հիմա դժվարանում է, հնչում է պատասխան՝ վազել ու ֆուտբոլ խաղալ։ «Ֆուտբոլ կկարողանաս խաղալ, թե չէ, էս դեպքում կախված է լինելու մենակ քո հետ, քո ակտիվության հետ։ Եթե դու էս ամիսների ընթացքում տրամադրվես ու մարզվես, կարողանաս լավ քայլել, քայլքի հմտություններ ձեռք բերել, հետագայում հիմնական քո պրոթեզը էդ ֆունկցիոնալությունը քեզ կտա», - արձագանքում է վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Գրիգորյանը։

Ինչպես հարմարվել պրոթեզին, իրականացնել խնամքն ու հոգ տանել անդամահատված ծայրատի մասին, մասնագետները ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են, մինչ այդ էրգոթերապիստը տան տարբեր հատվածներում չափ ու ձև է անում՝ ֆիքսում ու արձանագրում տան անհարմարությունները։

Մասնագետների այսպիսի երկու խումբ է ձևավորվել։ Նախարարության տվյալներով՝ 120-130 զինծառայող կա, որ պրոթեզավորման կարիք ունի։ Նրանցից 30-ին արդեն այցելել են։ Առաջիկա օրերին նաև մյուսների տանը կլինեն։

«Ծրագրի ամբողջ էությունն այն է, որ յուրաքանչյուր պացիենտի համար անհատական գնահատում արվի։ Փորձում ենք հասկանալ ակտիվությունը մինչև անդամահատումը, որպեսզի կարողանանք ճիշտ պրոթեզով ապահովել», - ասում է պրոթեզիստ Կարեն Դանիելյանը։

Օրեր առաջ մասնագետների խումբը նաև 20-ամյա Արթուր Հովհաննիսյանի տանն էր։ Արթուրը բուժակ էր, ծառայությունն անցկացնում էր Ջաբրայիլում։ Պատերազմի հենց առաջին օրը, վիրավոր ընկերներին օգնության շտապելիս ընկել են հակառակորդի կրակի տակ։

«Երբ որ հասկացանք, որ տեղներս արդեն հասկացել են՝ որտեղ ենք գտնվում, մեքենայից դուրս էինք։ Որ վարորդը նստեց՝ Յուրան, որպեսզի մեքենան միացնի և գնանք այդտեղից, Յուրային խփեցին էդ վախտ՝ չգիտեմ ինչ զենքով, երևի, ինձ թվում ա՝ սնայպեր։ Մահացավ, այո։ Ես ու Հայկը մնացինք։ Հայկը ոտքերիս մոտ պառկած ա եղել։ Ինձ որ խփեցին ոտքիս, ոտքս մինչև ոսկոր բացվեց, Հայկի մատը կտրվավ, մեկ էլ ձեռքերը սաղ ասկոլկա էր», - պատմում է Արթուրը։

Երկու ժամ օգնության սպասելուց հետո, տղաներին գտել է ծառայակից ընկերն ու տեղափոխել հիվանդանոց։ Հիվանդանոցում Արթուրի ոտքն ամպուտացվել է, վնասվել է նաև աջ ոտքը։

Արթուրը բուժամարզական պրոթեզին արագ է հարմարվել, ասում է՝ արդեն մեքենա էլ է կարողանում վարել. - «Հա, լրիվ հարմարվելու եմ, դա չի կարա քննարկվի, էլի։ Ես 20 տարեկան տղա եմ, իմ կյանքը դեռ առջևում ա, էս պրոթեզը չի կարա խանգարի, էլի, ոչ մի հարցով։ Դեռ պարել չեմ կարողանում, էս վերջում փորձել եմ»։

Մասնագետների խումբը խոստացել է, որ Արթուրը նոր ֆունկցիոնալ պրոթեզը ստանալուց հետո կարող է պարել որքան սիրտն ուզի, իսկ Արթուրի լավատեսությունը այդ հարցում ամենամեծ աջակիցն է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG