Մատչելիության հղումներ

Վրաստանի բանակը զինվում է ամերիկյան զենքով


Վրաստանի բանակը զինվում է ամերիկյան զենքով: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների օժանդակությամբ նոր զենքեր է ստացել՝ ՆԱՏՕ-ի զինանոցի ամերիկյան արտադրության խոշոր տրամաչափի M2 գնդացիրներ` 12,7 միլիմետր փամփուշտներով և նոր ավտոմատ նռնականետեր։

Վրաստանի զինված ուժերին տրամադրվել են նաև փոքր տրամաչափի ձեռքի թեթև գնդացիրներ։ «Սպառազինության այդ տեսակները մեծացնում են ստորաբաժանումների կրակային հնարավորությունները և ապահովում նրանց արդյունավետ գործողությունները մարտի դաշտում», - նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ամերիկացի և վրացի զինվորական հրահանգիչները Վազիանիի փորձադաշտում ցուցադրել են այդ զենքերի կարողությունները, փորձնական կրակոցներ արձակել։

Վրաստանի ՊՆ-ի տեսանյութում ամերիկացի զինվորականն ուրախություն է հայտնել, որ գտնվում է Վազիանիում և վրացի զինվորականների հետ փորձարկում է աշխարհում գոյություն ունեցող ժամանակակից զենքերը, նաև ասել է, թե զարմացած է, որ նրանք կարողացան արագ սովորել և հմտորեն օգտագործել նոր զենքերը` խոցելով թիրախները։

«Այս կարողությունները Վրաստանի պաշտպանական ուժերին դարձնում են ավելի մահաբեր ու ՆԱՏՕ-ի խաղաղության համագործակցության ծրագրում ավելի գործունակ»,- ասել է նա։

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ բանակի վերազինումը նոր տեսակի գնդացիրներով ու նռնականետերով Զինված ուժերի սպառազինությունների արդիականացման գործընթացի մի մասն է, որը ծառայում է պաշտպանական ուժերի հնարավորությունների մեծացմանը և գործընկեր երկրների հետ համագործակցության բարելավմանը:

Վազիանիում ամերիկյան նոր զենքերի փորձարկմանը ներկա են գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլին և պաշտանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին։

2018 թվականի հունվարին Վրաստանը ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համակարգեր էր ստացել: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմամբ Վրաստանին, մի քանի ամսից նաև Ուկրաինային վաճառվեցին գերժամանակակից այդ սպառազինությունները, որին Ռուսաստանը դժգոհությամբ արձագանքեց: Javelin հակատանկային հրթիռային համակարգերը ներկա պահին համարվում են աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր հակատանկային զինատեսակները։ Դրանք շարժական հրթիռներ են, որ տանկերից ու զրահատեխնիկայից բացի, կարող են ոչնչացնել նաև ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։

Վրաստանին զենք վաճառելու գործարքը 75 միլիոն դոլար էր կազմում, այդ գումարով Վրաստանին վաճառվում էր Javelin-ի 410 հրթիռ, արձակման 72 համակարգ, ինչպես նաև ուսումնական վարժանքների համար նախատեսված 10 համակարգ 70 հրթիռներով։

«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն ավելի հաջող լինի, որի համար պետք է ունենալ պաշտպանական ուժեղ հնարավորություններ՝ զսպելու ագրեսիան և դրսի ուժերին, որոնք կարող են վնաս հասցնել երկրին»,- ասել էր 2018-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին:

Նույն թվականի աշնանը տարածաշրջանային լայն այցելության շրջանակում Հայաստանում էր ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով նաև անվտանգության խնդիրներին` նա նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու Կոնգրեսի կողմից ընդունված սահմանափակումներ կան, բայց նաև նշել էր, որ կան բացառություններ, և ինքը վարչապետին ասել է. «Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից»:

Բայց ամերիկյան զենք գնելու հնարավորությունը Հայաստանում, ինչպես ցույց տվեց ապագան, առարկայական չդարձավ, միգուցե պայմանավորված Ռուսաստանի հետ համաձայնագրերի և ՀԱՊԿ-ի անդամ լինելու հանգամանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG