Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում օրինական աշխատելու թույլտվություն ստացան


Գերմանիա - Սեզոնային գյուղատնտեսական աշխատանք Բավարիայում, արխիվ
Գերմանիա - Սեզոնային գյուղատնտեսական աշխատանք Բավարիայում, արխիվ

Վրաստանի քաղաքացիները կարող են օրինական հիմունքներով աշխատել Գերմանիայում։ Այս բացառիկ հնարավորության մասին երեկ հայտարարվել է Վրաստանում Գերմանայի դեսպան Հուբերտ Քնիրշի և Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հանդիպումից հետո։

Ըստ վրացական մամուլի՝ խոսքը Գերմանիայում ժամանակավոր, օրինական աշխատելու մասին է։ Ապրիլի 1-ից Գերմանիայում սկսվում են գյուղատնտեսական ոլորտի սեզոնային աշխատանքները։ Գրանցվել կարելի է փետրվարի 15-ից, և այն շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում։ Դիմողը պետք է նախապես գրանցվի հատուկ պորտալում, և տրված է այդ կայքի հասցեն, ուր դիմողները կարող են մտնել ու գրանցվել։ Որոշակի պայմաններ կան՝ դիմողը պետք է Վրաստանի քաղաքացի լինի ու համապատասխանի որոշ չափանիշների: Պետք է լինի 18-ից մինչև 60 տարեկան, առողջ լինի, գյուղատնտեսական աշխատանքի, բերքահավաքի փորձ ունենա, գերմաներեն կամ անգլերեն շփվելու տարրական իմացություն, իսկ խմբով աշխատելու դեպքում գոնե մեկը կարողանա շփվել այդ լեզուներով։ Հնարավոր է՝ դա նույնիսկ պետք չգա, լեզու իմանալու հարցը ի վերջո որոշում է գործատուն։ Բնականաբար, արտասահման մեկնելու կարգը պետք է պահպանվի։ Մասնավորապես՝ երրորդ երկրի քաղաքացին, երբ Եվրամիության Շենգենյան գոտուց դուրս է գալիս, վերադառնալու իրավունք ունի երեք ամիս անց։ Ուրեմն՝ մինչ Գերմանիա մեկնելը Եվրամիության երկրներ ճամփորդած դիմողները պետք է հետևեն այդ ժամկետին և որևէ խախտումներ արած չլինեն մուտքի և ելքի կանոնների հետ կապված։

Աշխատանքի պայմանները նույնպես հայտնի են՝ մեկից երեք ամիս, շաբաթվա մեջ հինգ-վեց օր, առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 6-ը, ժամը 9,5 եվրո՝ հարկերը, սննդի ու մնալու ծախսերը հանած։

Վրաստանում Գերմանիայի դեսպանն ասել է, որ Գերմանիան ամեն երկրի հետ չէ, որ նման ծրագրեր է իրականացնում։ Շատ երկար ժամանակի ընթացքում սա առաջին անգամն է արվում և հատկապես Վրաստանի հետ։

«Մենք ուրախ ենք, որ կարողացանք պատրաստել ժամանակավոր աշխատանքային զբաղվածության ծրագիրը այս գլոբալ համավարակի բարդ իրավիճակում և հատկապես համավարակի հետևանքով սոցիալական բարդ պայմաններում», - ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը։

2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել առանց վիզայի 90 օրով ազատորեն ճամփորդել Եվրամիության երկրներ։ Եվրամիության հետ ստորագրված և վավերացված վիզային ռեժիմի ազատականացման այդ համաձայնագիրը զբոսաշրջային ճամփորդությունների մասին էր, ինչը չի ենթադրում Եվրոպայում օրինական աշխատելու թույլտվություն։ Հիմա Գերմանիան առաջին երկիրն է, որը թեև ժամանակավոր, այնուամենայնիվ օրինական աշխատանքի թույլտվություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG