Մատչելիության հղումներ

Արցախի իշխանությունները «համագործակցում են խաղաղապահների հետ օտարերկրացիների ապահով մուտքի համար»


Արցախի իշխանությունները համագործակցում են ռուս խաղաղապահների հետ նրանց վերահսկողության տակ գտնվող միջանցքով՝ Լաչինով օտարերկրյա քաղաքացիների ապահով և անխոչընդոտ մուտքի համար՝ մեկնաբանելով նախօրեին Արցախի արտաքին գործերի նախարարության՝ «մուտքի վիզաների» մասին հայտարարությունն, ասաց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

«Հիմնական նպատակն անվատնգության ապահովումն է», - ասաց Ներսիսյանը։

Արցախի արտգործնախարարությունը հայտնում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու նորացված ընթացակարգ։ Օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի արտգործնախարարություն՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար, հետո դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև Ռուսաստանի խաղաղապահ ուժերին՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Փաստորեն, նախկին ընթացակարգին ավելացել է խաղաղապահների գործոնը։

Հարցին, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ մուտքի թույլտվություն ստանալու որոշման հարցում դերակատարություն ունեն նաև ռուս խաղաղապահները, Ներսիսյանը պատասխանեց՝ որոշումն արտգործնախարարությունն է կայացնում՝ դիմումները քննարկվում են նախարարությունում։

«Մուտքի թույլտվության համար դիմումները, լինեն թե՛ ուղղակի օտարերկրյա քաղաքացիների, թե՛ օտարերկրյա քաղաքացի լրագրողների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրենց հայտերը քննարկվում և բավարարվում են Արտաքին գործերի նախարարությունում։ Օտարերկրացիների մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է ռուս խաղաղապահներին», - մանրամասնեց Ներսիսյանը։

Տեղեկատվության վարչության պետի խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ համագործակցությունն արվում է և՛ օտարերկրացիների մուտքի անվտանգության, և՛ ընդհանուր, երկկողմ անվտանգությունը ապահովելու համար։

Տեղական մամուլը վերջին օրերին գրում է Արցախ օտարերկրացիների մուտքի արգելքի մասին՝ հղում կատարելով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Վերջինս իր տելեգրամյան ալիքում պնդել էր, թե ֆրանսիացի մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ՝ ունենալով պաշտոնական հավատարմագրեր, չեն կարողացել մուտք գործել Արցախ, ռուս խաղաղապահները նրանց չեն թողել շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով՝ «մուտք են գործում Ադրբեջանի տարածք, ուստի Հայաստանում ստացած հավատարմագրերն անվավեր են, անհրաժեշտ է Ադրբեջանից հավատարմագրեր ստանալ»։

Մինչդեռ Արցախի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ վերջին օրերին նշված ընթացակարգով Արցախ են եկել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG