Մատչելիության հղումներ

Ամեն մարդ պիտի անի իր գործը, և ամեն ինչ տեղը կընկնի էս երկրում․ կոմպոզիտոր Վաչե Շարայան


Վաչե Շարաֆյան

Փետրվարի 16-ին Կամերային երաժշտության տանը «Հովեր» երգչախմբի և անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանի մասնակցությամբ կկայանա մի ուշագրավ համերգ: Կհնչի մեր ժամանակակից լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ և հասարակ բաներ» խորագրով 70 րոպեանոց նոր ստեղծագործությունը:

«Ազատության» հետ զրույցում կոմպոզիտորը շեշտում էր, որ գոնե իր համար կյանքը շարունակվում է ստեղծագործելու միջոցով, քանի որ շատ բարդ ժամանակաշրջանի միջով ենք անցնում, որը պետք է հաղթահարել․ - «Իմ կարծիքով, ամեն մարդ պիտի անի իր գործը։ Լավագույն ձևով։ Էդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի էս երկրում։ Սա կարողանում եմ սա անել, գրում եմ երաժշտություն, և պիտի շարունակեմ սա անել՝ գրել երաժշտություն»։

Վաչե Շարաֆյանը արտերկրում ամենահաճախ հնչող հայ ժամանակակից կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործույթուններն էլ այստեղ հաճախ միայն մեր համերգային դահլիճներում են հնչում, այլ նաև հայ ժամանակակից թատրոնում և կինոյում:

Կամերային երաժշտության տանն առաջին անգամ հնչելիք նրա նոր ստեղծագործույթունը նաև շուտով բեմականացվելու է, և հեղինակը հույս ունի, որ այն հանդիսատեսին անտարբեր չի թողնի: Ի դեպ, «Զարմանալի պարզ և հասարակ բաներ» խորագրով երաժշտական այդ ստեղծագործությունը ստեղծվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով:

Անցած շաբաթվավերջին նախարար Վարհրամ Դումանյանը հանդիպման էր հրավիրել կոմպոզիտորներին, երաժշտական միությունների ղեկավարներին: Վաչե Շարաֆյանը նույնպես հանդիպման մասնակիցներից էր և ասաց, որ բազմաթիվ հարցեր են քննարկել՝ կապված երաժշտական կյանքի գործունեության հետ հատկապես մարզերում և Արցախում երաժշտական կյանքի աշխուժացման ուղղությամբ, թեև, շեշտում էր Վաչե Շարաֆյանը, այդ ուղղությամբ քիչ բան չի արվել․ - «Երեխաներն են համերգ տալիս, օրինակ՝ Արմեն Բաբախանյանի խումբը, որտեղ իմ աղջիկն է նվագում, շատ-շատ երաժիշտներ գնում են, համերգներ են տալիս: Բայց, իմ տեսնելով, պետք է նաև այնտեղ ստեղծել․․․ քանի որ կան շենքեր և հոյակապ դահլիճներ, պետք է անել, որ այնտեղ կյանքի աշխուժացում սկսվի, էնտեղի երեխաները զբաղվեն թատրոնով և երաժշտությամբ։ Իհարկե մեծ գործ է, ոչ պիտի արվի։ Եվ սա պետական մեծ աջակցության հարց է»։

Անդրադառնալով մասնավոր հովանավորների խնդրին՝ կոմպոզիտորն ասաց․ - «Ես բազմիցս խոսել եմ այստեղ մեկենասության օրենք մտցնելու մասին, որովհետև դա ազատություն է տալիս ընդհանրապես արվեստին, արվեստագետին, բայց դրա հետ մեկտեղ պետք է միշտ լինի պետականը, մեկը մյուսին երբեք չպիտի բացառի։ Ցավոք, մեկենասության օրենքը չի ընդունվում ինչ-ինչ պատճառներով Հայաստանում։ Ըստ իս, դա մեծ ներդրումներ կբերեր Հայաստան դրսից, որովհետև այդ օրենքի շնորհիվ մարդիկ ինչ-որ չնչին տոկոսից են ազատվում հարկային, երբ որ ներդրում են անում արվեստի մեջ։ Եթե դա լինի, ուրեմն կարող ենք խոսել և մասնավոր աջակցության մասին»։

Նախարարի հետ հանդիպման ժամանակ Վաչե Շարաֆյանն անդրադարձել է Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական տանը՝ առաջարկելով այն միջազգային երաժշտական կենտրոն դարձնել, որին ինքը նույնպես կարող է նպաստել՝ արտերկրում ունեցած իր բազմաթիվ երաժշտական կապերի շնորհիվ․ - «Ես գիտեմ, թե դա ինչ է բերում պետությանը և ինչ է բերում արվեստագետին, կոմպոզիտորին։ Դա նախ քաղաքական ներդրում կլինի, որովհետև դու դառնում ես մի օղակ, որտեղ ամբողջ աշխարհից գալիս են մարդիկ, արդեն լուծում ես ոչ միայն տեղային հարց, բայց քո տեղային խնդիրները հանում ես համաշխարհային դաշտ։ Սա շատ կարևոր բան է։ Շատ հետաքրքիր է, որ կան նաև խմբեր, որոնք դրան աջակցում են աշխարհով մեկ։ Ներդրում են լինում արդեն դրսից քո երկրի մեջ»։

«Հասկանում ենք, թե ինչ վիճակում են հիմա բոլորս, մեր երկիրը, և իսկապես ծանր է հիմա ինչ-որ բանի մասին խոսել։ Բայց պիտի հասկանանք, որ պետք է նաև ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ չթողնեն-գնան էստեղից։ Իսկ դրա համար իսկապես պետք են ինչ-որ փոփոխություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG