Մատչելիության հղումներ

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում քննարկելու է նաև «պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում»


«Սալամ Բաքի, Ազերբայջան», ադրբեջաներեն այս գրառմամբ Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթոնը ազդարարեց իր առաջին այցն Ադրբեջան, որտեղ նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի և արտգործնախարարի հետ։ Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի ղեկավարության հետ ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը», մարդու իրավունքները և գենդերային խնդիրները։

«Ես անհամբերությամբ եմ սպասում նախագահ Ալիևի և նրա կառավարության հետ հանդիպումներին՝ քննարկելու հետագա համագործակցության ոլորտները»,- այցից առաջ հայտարարել է Ուենդի Մորթոնը։ Բրիտանացի պաշտոնյան այցի շրջանակներում մասնակցելու է նաև Բաքվի և Լոնդոնի միջև քաղաքական խորհրդակցությունների ամենամյա նիստին։

Ադրբեջան այցից առաջ՝ անցած ամիս, նախարար Մորթոնը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ նախարար Այվազյանը այդ զրույցի ընթացքում խոսել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների խնդրի մասին։

Մորթոնի այսօր մեկնարկած այցի օրակարգում, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ հարցին որևէ անդրադարձ չկա, հստակ չէ, արդյոք բրիտանացի պաշտոնյան մտադիր է մարդասիրական այդ խնդիրը բարձրացնել ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում։

Մեծ Բրիտանիան համարվում է Ադրբեջանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը: Այդ երկրում գործող բրիտանական ընկերությունների թիվը անցնում է հարյուրը։ Ադրբեջանական պետական նավթային ընկերության և բրիտանական British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրերից մեկին, որով կողմերը շահագործում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, Ադրբեջանում տվել են «Դարի պայմանագիր» անվանումը: Փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի:

Պաշտոնական Լոնդոնը, մասնավորապես, պատերազմից հետո բազմիցս պատրաստակամություն է հայտնել օգնել Ադրբեջանի իշխանություններին հետպատերազմյան խնդիրների լուծման հարցում։

Ադրբեջանում Թագավորության դեսպանը մեկն է այն օտարերկրյա դիվանագետներից, ով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում շնորհավորել է պաշտոնական Բաքվին հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթելու կապակցությամբ։

Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը անցած շաբաթ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ մեկնել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ Ջաբրայիլ և Զանգելան։ «Այսօր ես գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջաբրայիլն է»,- Թվիթերում գրել էր բրիտանացի դիվանագետը։

Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության նախարարի Ադրբեջան այցի ուշադրության կենտրոնում, ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն է, որը Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել։ World Economic Forum-ի զեկույցի համաձայն` գենդերային անհավասարության ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 153 երկրների ցանկում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը։ Իշխանությունները պնդում են, թե անում են հնարավորը` ֆեմիցիդի և բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ հրաժարվում ստորագրել խնդրի դեմ պայքարի միակ գործիքը համարվող «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» մասին Ստամբուլյան կոնվենցիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG