ԱՄՆ-ում 100 տարեկանում մահացել է քաղաքականության վետերան Ջորջ Շուլցը:
Հուվերի հաստատությունը երեկ Շուլցին անվանել է «ամերիկյան արտաքին քաղաքականության ամենաառանցքային գործիչներից մեկն, ով ծառայել է երեք նախագահներին»:
Ջորջ Շուլցը 1969-1974 թվականներին Ռիչարդ Նիքսոնի նախագահության օրոք աշխատել է որպես բյուջետային վարչության ղեկավար, դրանից հետո ստանձնել է աշխատանքի նախարարի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսների նախարարի պաշտոնները:
1982-1989 թվականներին Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք Շուլցը ղեկավարել է պետական դեպարտամենտը:
Ջորջ Շուլցը հայտնի էր որպես Խորհրդային Միության նկատմամբ կոշտ քաղաքականության ջատագով, սակայն, երբ 1985 թվականին ԽՍՀՄ-ում իշխանությունը ստանձնել է Միխայիլ Գորբաչևը, նա, որպես պետքարտուղար, Ռեյգանին համոզել է բարելավել հարաբերությունները Կրեմլի հետ:
1987 թվականին Ռեյգանը և Գորբաչևը ստորագրել են փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը, որը մեծ նշանակություն է ունեցել համաշխարհային միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու գործում:
Պետական աշխատանքն ավարտելուց հետո Շուլցը տեղափոխվել է Հուվերի ինստիտուտ, որտեղ խորհատվական ծառայություն է մատուցել մեծ թվով հանրապետական քաղաքական գործիչներին, այդ թվում՝ նախագահ Ջորջ Բուշ-ավագին: