Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան փետրվարի 7-ը հռչակել է Բելառուսի հետ «Համերաշխության օր» և աշխարհի առաջնորդներին, ակտիվիստներին, լրագրողներին կոչ արել աջակցել ցուցարարներին, որոնք պահանջում են երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը և նոր ընտրություններ։
Նա ասել է, որ օգոստոսի 9-ի կեղծված ընտրություններից հետո բելառուսցիները պահանջում են ժողվրդավարություն և ազատություն ու չնայած ռեժիմի անօրինական գործողություններին՝ մնում են համառ ու համարձակ։ Տիխանովսկայան առաջարկել է ցույցեր անցկացնել, սոցցանցերում աջակցության գրառումներ կատարել, նամակներ գրել քաղբանտարկյալներին, քաղաքներում շենքերը լուսավորել բելառուսական ընդդիմադիր շարժման խորհրդանիշ կարմիր-սպիտակ գույներով։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը փետրվարի 5-ին հայտարարել են, որ պաշտպանում են «Համերաշխության օրվա» գաղափարը։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, թե «Միացյալ Նահանգները զարմացած է Բելառուսի ժողովրդի բացառիկ ուժեղությամբ, դիմացկունությամբ ու քաջությամբ, որ նրանք ցուցաբերում են անզիջում բռնաճնշումների դեմ»։ Նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիությունը` նշելով, որ Բելառուսում հազարավոր մարդիկ են ձերբակալվել, և գրանցվել են խոշտանգումների հարյուրավոր հաստատված դեպքեր։