Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր «Գազել»-ները մտան երթուղի, առաջին ուղևորները գոհ են


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նստում է նոր ավտոբուսը, 5-ը փետրվարի, 2021թ․

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած «Գազել» տեսակի նոր միկրոավտոբուսները երեկ մտան երթուղի: Վաղուց խոստացված նոր տրանսպորտային միջոցները առաջինը շահագործվում են 26 համարի երթուղում, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը Կենտրոնով կապում է Նորք-Մարաշի հետ։

Ի տարբերություն հին «Գազել»-ների, որոնք այժմ սպասարկում են Երևանի երթուղիների մեծամասնությունը, նոր մեքենաներն ավելի ընդարձակ են ու բարձր։ Կանգնած ուղևորվելու դեպքում անհարմարություններ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նոր ավտոբուսներում նաև տեսախցիկներ կան։ Հարմարեցված են նաև սայլակների համար։

Նոր միկրոավտոբուսներից առաջին ուղևորները գոհ են, ասում են՝ կցանկանան ամբողջ քաղաքն ազատվի հին «Գազել»-ներից։

Վարորդին գումար փոխանցելու կարիք էլ չի լինի՝ դռան մոտ սարք է տեղադրված, որտեղ էլ բարձրանալիս պետք է գցել 100 դրամանոցն ու առաջանալ։ Քաղաքապետարանը խնդրում է ուղևորվելիս ունենալ 100 դրամանոցներ, քանի որ սարքը միայն այդ մանրադրամն է ընդունում։ Սկզբնական շրջանում, սակայն, վարորդները փոխում են դրամը, քանի դեռ քաղաքացիներն այս մասին չգիտեն։

Վարորդների տեսքը քաղաքապետարանի պահանջով կոկիկ պետք է լինի, նրանք համապատասխան համազգեստ պետք է կրեն, վարորդներն իրավունք չունեն ծխել կամ հեռախոսով խոսել։

Բարձր է, ընդարձակ, վարելուց էլ չես հոգնում, ասում է վարորդ Կարեն Աբգարյանը։ «Ահագին առավելություն կա, սրանց մեջ, նրանց մեջ ահագին տարբերություն կա։ Մարդիկ չեն նեղվում շատ՝ ամենակարևորը, մենք էլ աշխատում ենք, որ լավ լինի», - նշում է Աբգարյանը։

Վարորդի կարծիքով՝ Երևանում տրանսպորտի խնդիրը քիչ-քիչ կլուծվի։ Կարեն Աբգարյանի խոսքով՝ այս երթուղին կսպասարկեն 10 այսպիսի ավտոբուսներ, տրանսպորտը կաշխատի 10 րոպե հաճականությամբ, մինչև երեկոյան ժամը 10։30-ը։

Այլ տրանսպորտի՝ սովորական «Գազել»-ների սպասողներն էլ ընդգծում են՝ ավելի շուտ էր պետք նոր ավտոբուսներ բերել։

Հասարակական տրանսպորտի խնդրի լուծումը քաղաքապետ Հայկ Մարությանի դեռևս չիրագործված խոստումներից մեկն է։ Այդուհանդերձ, քաղաքապետարանը հայտարարում է՝ շուտով նոր երթուղիներ նույնպես նոր ավտոբուսներով կսպասարկվեն։ Որպեսզի տրանսպորտային նոր ցանցը լիարժեք գործի, նախատեսվում է ընդհանուր առմամբ ձեռք բերել 850 տրոլեյբուս և ավտոբուս։

XS
SM
MD
LG