Մատչելիության հղումներ

Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի երեք համայնքում կիսաքանդ, հին պատեր են փլուզվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարին, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

4.7 մագնիտուդով երկրաշարժը ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:36-ին)՝ հյուսիսային լայնության 40.53 աստիճան և արևելյան երկայնության 45.32 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալլ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալլ, Երևանում՝ 3-4 բալլ ուժգնությամբ:

Նույն աշխարհագրական կոորդինատներով ևս մեկ երկրաշարժ՝ 3.7 մագնիտուդով, գրանցվել է այսօր տեղական ժամանակով ժամը 00:06-ին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ, հաղորդում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG