Մատչելիության հղումներ

«Նորքի» ինֆեկցիոնի նախկին հաշվապահը 600 հազար դոլար է յուրացրել. ԱԱԾ


«Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, արխիվ

«Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահն ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2019-ի հուլիսից մինչև 2020-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցի բյուջեից իր անձնական հաշվեհամարներին է փոխանցել 345 միլիոն 300 հազար դրամ՝ ավելի քան 600 հազար դոլար։ ԱԱԾ-ի տվյալներով` գլխավորն հաշավապահը կանխիկացրել է այդ գումարն ու օգտագործել անձնական կարիքների համար։

ԱԱԾ-ի մատնանշած ժամանակաշրջանի մի մասը համընկնում է Հայաստանում քովիդի տարածման հետ, իսկ տարեսկզբին վիրուսի բուժման ողջ բեռը հենց այս հիվանդանոցի ուսերին էր։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» վերանվանված բուժհաստատության նորանշանակ տնօրեն Հովհաննես Մադոյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գլխավոր հաշվապահն այլևս չի աշխատում իրենց մոտ. «Դեկտեմբերի 21-ից չի աշխատում»:

«Ազատություն» - Դո՞ւք եք աշխատանքից ազատել, թե՞ սեփական դիմումի համաձայն:

Հովհաննես Մադոյան - Ես կասեցրել եմ իր պարտականությունները, ինքը հետո դիմում է գրել, դուրս եկել:

«Ազատություն» - Իսկ չարաշահումները ի՞նչ հետք են թողել կլինիկայի վրա:

Հովհաննես Մադոյան - Քննությունը գնում է, այս պահին դժվար է ասել դա:

Առանձնապես խոշոր չափերի յուրացման հոդվածով ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ։ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի արդեն նախկին հաշվապահը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա Ազգային անվտանգության ծառայությունում խոստովանական ցուցմունք է տվել՝ վերականգնել յուրացրած գումարի մի մասն ու պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերադարձնել նաև մյուս մասը։

ԱԱԾ-ի պաշտոնական հայտարարությունում հիվանդանոցի գլխավոր հաշվապահի անվան ու ազգանվան սկզբնատառերն են նշված։ Մամուլը, սակայն, արդեն գրել է, որ խոսքը Իշխան Վահրադյանի մասին է։ Ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։ Օնլայն խաղատներից մեկի Youtube-ի ալիքում 2020-ի հունվարի 13-ին հրապարակված տեսանյութում Իշխան Վարդանյան անուն-ազգանունով ներկայացող երիտասարդը պատմում է, որ շահել է 430 միլիոն դրամից ավելի գումար։ Բժշկական կենտրոնի նրա գործընկերները հաստատեցին, որ տեսանյութի երիտասարդը հենց քրեական գործով անցնող գլխավոր հաշվապահն է։

Առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ միշտ պնդել եք, որ ոլորտում չարաշահումները տեղի են ունենում կա՛մ նախարարների գիտությամբ, կա՛մ էլ նրանց ամենաթողությամբ, սա ո՞ր դեպքն է։ Ասաց՝ միշտ է դեմ եղել կոռուպցիային, երբեմն նաև առանց իրավապահների միջամտության են հայտնաբերել այդպիսի դեպքեր. «Այդ գործի մասին տեղյակ եմ եղել դեռ նախարար եղած ժամանակ, երբ որ Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց ուսումնասիրություններ իրականացնել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, և մոտավորապես ծանոթ էի հանգամանքներին մինչև պաշտոնական հաղորդագրությունը: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նմանատիպ այլ գործ էլ ենք ունեցել մեկ այլ բժշկական կենտրոնում, որ հիմա կոչվում է Թոքաբանության ազգային կենտրոն, և դա բացահայտվել էր իմ պաշտոնավարման սկզբում, երբ որ մենք արդեն ինքներս ուսումնասիրություն իրականացրինք և տեսանք, որ հաշվապահը կրկին դրամարկղից մեծ չափի գումար էր վերցրել և հետ չէր դրել, այսպես ասած: Քրեական գործ հարուցվեց և այլն: Դա խոսում է նրա մասին, որ իմ պաշտոնավարման օրոք, և վստահ եմ հիմա էլ, զրո հանդուրժողականություն է ցուցաբերվում բոլոր տեսակի չարաշահումների և կոռուպցիայի նկատմամբ անկախ անձերից` նրանք աշխատել են որ տարիներին և որ տնօրենների կամ նախարարների օրոք»:

Յուրացումը տեղի է ունեցել նաև «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնավարման օրոք։ 2018-ի հեղափոխությունից հետո հիվանդանոցը ղեկավարած Մհեր Դավիդյանցը երկու տարի անց՝ օգոստոսի 8-ին հայտնել էր, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ու աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։ Տևական ժամանակ հիվանդանոցի աշխատակիցները պահանջում էին, որ Դավիդյանցը վերադառնա: «Ազատության» հետ զրույցում Դավիդյանցն ասաց, որ մասնագիտական այցով արտերկրում է, իսկ չարաշահումների մասին ընդհանրապես տեղյակ չի եղել։

Ազգային անվտանգության ծառայությունում նախաքննությունը շարունակվում է՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG